Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ-ի երկու դիմումներն էլ (տեսանյութ)

Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց ՀԱԿ֊ի ներկայացրած երկու դիմում։ Առաջինը վերաբերում էր սահմանադրական հանրաքվեի արդյունքները հայտարարելու ժամկետը հետաձգելուն, մյուսը՝ 5 ընտրովի ընտրատեղամասում վերահաշվարկ կատարելուն։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, ընտրացուցակները ուշացնելու միջոցով լցոնումներ են եղել և որպես իր ասածի ապացույց ներկայացրեց մի քանի տվյալ. Ալավերդիում եղել է 13 748 հաշվառված բնակիչ, իսկ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը՝ 16 168, Վանաձորում՝ 83 385 հաշվառված բնակիչ, քվեարկելու իրավունք ունեցողների թիվը՝ 96 616: Հրազդանում՝ 41 664 հաշվառված բնակիչ, քվեարկելու իրավունք ունեցողների թիվը՝ 44 092։

Հայտնի է, որ վաղը ԿԸՀ֊ն պատրաստվում է հրապարակել հանրաքվեի վերջնական արդյունքները։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն այս ժամկետը հետաձգելու միջնորդությունը հիմնավորում էր վերահաշվարկներ անցկացնելու անհրաժեշտությամբ։ Նա առաջարկում էր ընտրել 5 ընտրատեղամաս, որոնցում գրանցվել է ընտրողների 70% մասնակցություն։ Ըստ նրա՝ վերահաշվարկը կհիմնավորեր կեղծիքների առկայության մասին իր պնդումը։ Զուրաբյանի խոսքն ուղեկցվեց դահլիճում ներկա ակտիվիստ Վարդգես Գասպարի ծափերով։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն առաջարկեց նրան լքել դահլիճը, ինչին հետևեցին այլ քաղաքացիների ծափահարություններ։

Ի դեպ, ԿԸՀ-ն մերժեց նաև հանրաքվեին հետևող «Քաղաքացի դիտորդ» և մի շարք այլ կազմակերպությունների միջնորդությունը՝ հետաձգել հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումը, որպեսզի կարողանան հավելյալ տեղեկություններ ներկայացնել ԿԸՀ-ին ընտրախախտումների վերաբերյալ։