ՌԴ-ն թուլանում է, Հայաստանը կարող է մերձենալ ԵՄ-ին. տնտեսագետ
Խոսակցությունները, թե Հայաստանի տնտեսությունը կարող է շահել ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին` հիմնավորված չեն. կարծում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Նա համոզված է`Հայաստանը ռուսական շուկայում Թուրքիայի տեղը գրավելու հզորություն չունի. «Ինչպես եղել է անցած տարիներին, այնպես էլ եկող տարի կլինի: Հայաստանը արդեն հասել է Ռուսաստան արտահանման իր գագաթնակետին, մեր հնարավորություններն այդքան են»: Աշոտ Եղիազարյանը հիշեցնում է` Հայաստանը չունի ցամաքային անմիջական ճանապարհ դեպի Ռուսաստան, Լարսի անցակետը տարին մի քանի անգամ փակվում է, մեր երկրի օդային ճանապարհն էլ, ըստ նրա, պարզապես անմրցունակ է. «Եթե նկատի ունենաք, որ հայ արտադրողները խնդիր ունեն նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի բարձր սակագնի հետ, ապա մենք առհասարակ անմրցունակ ենք դառնում, քանի որ մեր ապրանքի ինքնարժեքը շատ բարձր է դառնում ռուսական շուկայի համար»: Տնտեսագետը, սակայն, հավելում է, որ գլոբալ առումով, այնուամենայնիվ, Հայաստանը այս հարաբերությունների վատթարացումից շահում է, իհարկե եթե հաշվի չենք առնում, որ կարող են քաղաքական ու ռազմական գործընթացներ սկսել. «Շահում ենք, քանի որ երկու երկրներն էլ թուլանում են: Թուրքիան դառնում է ավելի վերահսկելի ու կառավարելի արեւմուտքի կողմից, իսկ Ռուսաստանը տնտեսապես շարունակում է թուլանալ, ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող է տնտեսապես մերձենալ ԵՄ –ին»: