ՄՐՑԱՄԱՐՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՆԱԵՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը 50.8 կգ քաշային կարգում կփորձի պահպանել IBF-ի եւ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Իսկ վաղը պայքարի մեջ կմտնի նաեւ Արթուր Աբրահամը, որը Գերմանիայում IBF-ի չեմպիոնի կոչումը պահպանելու համար կհանդիպի ավստրալացի Շենոն Թեյլորին: Արթուր Աբրահամը մրցամարտից առաջ կայացած ասուլիսում Դարչինյանի պես հայտնել է, թե հանդիպումը երկար չի տեւի, քանի որ ինքը մրցակցին նոկաուտի կենթարկի. «Ես վստահ եմ իմ ուժերին եւ չեմ կասկածում, որ հաղթելու եմ»:
Աբրահամի մարզիչ Ուլի Վագները խոսել է արդեն հետագա ծրագրերի մասին. «Այն բանից հետո, երբ Արթուրը կհաղթի այս մրցամարտում, նախատեսում ենք եւս մեկ հանդիպում Գերմանիայում ամռանը, որից հետո դեկտեմբերին կմեկնենք ԱՄՆ»: Մարզիչը ավելացրել է նաեւ, որ Աբրահամը երախտապարտ է գերմանացի եկրպագուներին եւ դեռ կշարունակի նրանց համար մենամարտել Գերմանիայում:
Թեյլորի մարզիչ Լի Կարը համաձայն չէ իր գործընկերների հնչեցրած կարծիքներին. «Իմ սանը հիանալի է նախապատրաստվել այս հանդիպմանը, այն բանից հետո, երբ մենք դիտել ենք Աբրահամի մասնակցությամբ նախորդ մրցամարտերի տեսագրությունները: Մենք հատուկ մարտավարություն ենք նախապատաստել, որն էլ հնարավորություն կտա Թեյլորին հաղթել»: