«Արձանագրված 78 բողոքները չեն արտահայտում խախտումների իրական թիվը». Վ. Հոկտանյան (տեսանյութ)
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը չի շտապում գնահատականներ տալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ ազատ եւ արդար լինելու վերաբերյալ, փոխարենը նշում է, թե արձանագրված 78 բողոքները չեն արտահայտում ընտրախախտումների իրական թիվը: «Իրականում, ես եթե չեմ սխալվում, 900-ից ավելի խախտում է արձանագրվել: Եղել են ահաբեկման դեպքեր, եղել են չգրանցելու դեպքեր, երբ որ խախտումը չի գրանցվել, արձանագրություն չի կազմվել»,-այսօր Մեդիա կենտրոնում, ներկայացնելով սահմանադրական հանրաքվեի նախնական տվյալների վերլուծությունը, հայտարարեց նա: Հոկտանյանը նշեց, որ elections.trancparency.am կայքն օժանդակ գործիք է հանդիսանում, որը կօգնի ամրապնդել կամ ժխտել հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումները: «Օրինակ, եթե ասում են, որ որեւէ տեղամասում լցոնում է եղել, ապա, կայքում նայելով տվյալ տեղամասի տվյալները, եթե բավականին մեծ տոկոս է կազմել «այո»-ն, ուրեմն լուրջ հիմք կա ասելու, որ լցոնում եղել է»: