«Խախտումներ եղել են, բայց ի՞նչ տոկոս են դրանք կազմում». ՀՀԿ-ական
«Հանրաքվեն իրոք համարվում է կայացած. մենք ունենք կոնկրետ թվեր և փաստեր։ Ցույց տվեցինք, որ մինչև հանրաքվեն՝ Ոչ-ի աղմուկը շինծու էր։ Մեր քաղաքական ուժերը հերթական անգամ չկարողացան հասնել իրենց բաղձալի ցանկությանը, և պետք է դեռևս երկար խոսեն կեղծիքներից»,-այսօր նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Ինչ վերաբերում է խախտումների դեպքերին, նա շեշտեց. «Խախտումներ եղել են, բայց ի՞նչ տոկոս են դրանք կազմում, սա է պետք հասկանալ։ Հարկավոր է բողոքարկումների արդյունքները նայել, հետո խոսել հանրաքվեի կեղծման մասին»։ «Հիմք ընդունել հանձնաժողովների արձանագրությունները, հայտարարությունները հենց սկզբից անիմաստ է, որովհետև Հայաստանում չեն անցկացվում ժողովրդավարական ընտրություններ։ Անցկացվում է իշխանական ռեսուրսներին տիրապետող ուժի դակում։ Ոչ մի անգամ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունենում։ Իսկ ձանձրացրած անձնավորությունները պետք է փոխվեն, իշխանությունից հեռանան։ Բայց իշխող վերնախավն ինքն իրեն հաստատեց, նշանակեց նորից իր տեղում»,-նշեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Իշխանափոխություն կլինի այն դեպքում, եթե կլինի նորմալ ընդդիմություն, նորմալ մարդիկ և ժողովրդին կառաջադրեն իրենց ծրագիրը»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։ Պարոն Արշակյանը շեշտեց, որ Գյումրիից ընտրված պատգամավորների ընտրողներն անգամ սահմանադրությանն ասել են «Ոչ»։ «Գյումրիում շատ լավ ընտրություններ են անցկացվել։ Եթե նախկինում իշխանությունները Գյումրիից տարել են և նախագահական, և խորհրդարանական ընտրություններին 12.000 ձայն, ապա այս անգամ «Այո»-ն տարել է 17.500 ձայն։ Եվ Գյումրիում աննախադեպ ակտիվ մասնակցություն է եղել։ Որևէ բողոք չկա, ո՞ւր են բողոքները»,-հարց ուղղեց պարոն Ավետիսյանը։ «Ո՞ւմ բողոքեն,-հակադարձեց պարոն Արշակյանը, հավելելով. «Քաղաքական ձեր հակառակորդներին ոչնչացրել եք, բամփել եք»։ «Մե՞նք ենք ոչնչացրել. իրենք իրենց գնացել են ինքնաոչնչացման»,-ասաց ՀՀԿ-ականը։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, թե ընտրողների մի մասը սպասել է, թե ի՞նչ են տալու իրեն՝ քվեարկության գնալու համար։ Իսկ քաղաքական գործիչների մասով նշեց. «Իշխանականների 25 տոկոսը քվեարկել է դեմ, ընդդիմադիր երկու կուսակցություն՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, կոչ են արել կողմնակիցներին քվեարկել կողմ։ Էլ ի՞նչ իշխանություն-ընդդիմություն պայքար է այստեղ»։