Ընտրողն «Այո» էր քվեարկել եւ գրել՝ «Խելքս բան չի կտրում» (տեսանյութ)
«Ոչ թալանչիներին, ոչ արտագաղթին» այս գրությունն ընտրողը թողել է քվեաթերթիկի վրա: Այսօր 8/27 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկ էր ընթանում: Մեկ այլ ընտրող էլ «Այո» էր քվեարկել, միաժամանակ կասկած հայտնելով «Բայց խելքս բան չի կտրում, որ լավ կլինի»: Վերահաշվարկի դիմում էր ներկայացրել ՀԱԿ-ը, արդյունքում «Ոչ»-ի ձայները պակասեց մեկով, մեկ քվեաթերթիկը կորել էր: « Հնարավոր չէ անվավեր ճանաչել, հետո էլ եթե անվավեր է, նոր ընտրություն չի լինում»,- ասաց թիվ 8 հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը: Այս ընտրատեղամասում անվավեր էր ճանաչվել 45 քվեաթերթիկ, որոնք հիմնականում քվեարկված էին «Ոչ»-ի օգտին: «Այո»-ի օգտին քվեարկել էր 336, իսկ «Ոչ»ի օգտին ՝ 196 ընտրող: Վերահաշվարկից հետո «Ոչ»-ի ընտրողների թիվը դարձավ 195: 8/27 ընտրատեղամասում Աշոտ Մուսախանյանը հանձնաժողովի ՀԱԿ անդամ է եղել: Նրա խոսքերով՝ հանձնաժողովի նախագահը քվեները հաշվելու ժամանակ 10-ից 15 անգամ ընդմիջում է հայտարարել՝ նշելով, որ առողջական խնդիրներ ունի: «Բայց հենց տեղից վեր էր կենում, իրեն աշխույժ էր զգում»,- նշեց նա: Աշոտ Մուսախանյանի խոսքերով՝ հաշվարկի ժամանակ «Ոչ»-ի ձայները բավականին շատ են եղել: «Տրցակը կրկնակի բարձր էր, կան փաստեր, մենք հաշվում էինք, անընդհատ «Ոչ»-ը շատ էր, իրենցը քիչ էր, աչքի համար պարզ երեւում էր, որ «Ոչ»-ը հաղթել է»: Հանձնաժողովի անդամը վստահեցնում է՝ դեռ հաշվարկը չավարտած, ինքն արդեն 289-ից ավել ձայն է հաշվել: «Հետո զգացի նախագահը ձեռքով տրցակը տարավ ներքեւ, երբ որ ես սեղանի մյուս կողմից փորձեցի հանել «Ոչ»-երը «Այո»-ն եւ «Ոչ»-ը խառնեցին եւ հանձնաժողովի մյուս անդամների կողմից ոչ մի արձագանք չեղավ»: Նա կասկածներ ունի, որ «Ոչ»-ի քվեաթերթիկները փոխել են: «Այստեղ նկարչություն է տեղի ունեցել, իրականում այն չէր, ինչ որ կա»,- նշեց նա: Ի դեպ, վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահը չէր ներկայացել՝ նշելով, թե գործեր ունի: Այսօր բացվել է նաեւ 7,02 ընտրատեղամասը, որի արդյունքում ոչերի թիվը ավելացել է 2-ով՝187-ից դառնալով 189, իսկ «Այո»-ն պակասել 1-ով՝509-ից դառնալով 508; Վերահաշվարկի համար դիմում էր ներկայացրել ՀՅԴ-ն: