Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը վստահեցնում է, որ քաղաքական կամք ունեն. ելույթ ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
MoSmojuXp4c

2016թ. պետական բյուջեի լրամշակված եւ փոփոխված նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ, իհարկե, կարող էին ունենալ այլ մարտավարություն ու հավակնոտ նիշ դնել. «Սակայն հետո պետք է հիմնավորել՝ ինչու չկարողացանք հիմնավորել այդ ցուցանիշները: Մենք ցանկացել ենք լինել անկեղծ»: Ըստ նրա՝ նախորդ տարվա վերջին մեր տնտեսությունը հայտնվեց համաշխարհային տնտեսական մարտահրավերների առջեւ. «Այս պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան համահունչ ճշտգրտումներ անել մեր ծրագրում: Արտաքին շոկերը մեր տնտեսական կայունության վրա ազդեցություն ունեցան, բերեցին գնողունակության նվազեցման, որն իր հերթին բացասական ազդեց մեր արտահանման ծավալների վրա»: Վարչապետի խոսքերով՝ հաճախ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով քննարկում են կառավարությանն ուղղված միջազգային վարկերի թեման. «Այդ վարկերը քննարկվում ու համաձայնվեցվում են տեւական ժամանակ, այլ ոչ թե այսրոպեական քմահաճույքով, քանի որ դրանք ուղղված են լինելու տասնամյակներին: Այդ վարկերը բյուջետային փոսերը լցնելու համար չեն, այլ բարեփոխումների աջակցության նպատակով»: Պարոն Աբրահամյանի վստահեցմամբ՝ ՀՀ ներդրումային դիրքը աշխարհում բարելավվել է՝ աճելով 17 մլրդ դրամով եւ հասնելով 125 մլրդ դրամի. «Շատ հաճախ ինձ ասում են՝ ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք օգտվել ՌԴ շուկայից ու չի ավելանում մեր արտահանումը: Չպետք է մոռանալ, որ կառավարությունը չի արտահանում, այլ մասնավոր հատվածը, իսկ մենք ընդամենը ստեղծում ենք բարենպաստ պայմաններ, գործիքներ՝ արտահանումը կազմակերպելու համար: Նոր աշխարհաքաղաքական իրավիճակում մեր գործարարները չունեին բավարար ներուժ՝ դա իրագործելու համար: Պետք է խելամիտ ժամանակահատվածում տեսականին ու գնային քաղաքականությունը փոխել ու ակնթարթային հաջողություններ չակնկալել ու շարժվել ժամանակին համահունչ»: Նրա խոսքերով՝ կառավարությունն ունի ապագային միտված ծրագրեր՝ մինչեւ 2025թ. տնտեսական ծրագրի վերանայում, հարկային բարեփոխումների փաթեթի ընդունում, որի հիմքում պետք է լինեն երկարաժամկետ աճի խթանումը, երկրի մրցունակության եւ գրավչության բարձրացնելու համար սպառման հարկման վրա շեշտադրումը, նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբիսդիաներով՝ փոխհատուցելով գների հնարավոր աճը. «Եվ այս ամենը պետք է լինի երեքից հինգ տարվա ընթացքում: Ամեն ինչ էլ կարելի է գրել, սակայն եթե դու չես լինելու դրա պատասխանատուն ու դրա կրողը, ապա անիմաստ է: Պետք է ներառել բոլոր առողջ ուժերն ու ողջամիտ առաջարկները, մեր գործողությունները պետք է լինեն հանդուրժողականության հիման վրա ու որոշումների անշեղորեն կատարման վրա հիմնված: Մենք ունենք քաղաքական կամք՝ այն իրագործելու համար: Վստահ եմ, որ միասին կշենացնենք մեր հայրենիքը»: