Դաշնակցականը հույս չունի, որ 2017-ին կարող են մեծամասնություն դառնալ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել։ Այս մասին այսօր՝ ՀՅԴ 125-ամյակի առթիվ հրավիրված գիտաժողովին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Որքանո՞վ է լեգիտիմ համարում պարոն Վարդանյանը սահմանադրության հանրաքվեն. «Այո, եղել են բազմաթիվ խախտումներ, սակայն եթե մենք չենք կարողանում ապացուցել, որ ընտրախախտումների ծավալն այնպիսին է, որ ազդել է արդյունքների վրա, ուրեմն հանրաքվեն կայացած է և լեգիտիմ»։ Ըստ ՀՅԴ-ականի՝ նոր սահմանադրությունը մեծ հնարավորություններ է բացում իրենց կուսակցության համար։ Պարոն Վարդանյանը համամիտ է նաև այն մտքին, որ Դաշնակցությունն ամբողջապես չի օգտագործում իր ունեցած պոտենցիալը, հնարավորությունները. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, մի հասարակության մեջ, որը վերափոխելու, հասարակության գիտակցությունը բարձրացնելու կազմակերպելու լրջագույն խնդիր ունենք։ Գումարած մեր մյուս պրոբլեմները, որոնք խանգարում են սրան. արտագաղթ, մարդկանց սոցիալիզացիայի շատ ցածր մակարդակ։ Ցավոք, Հայաստանում քաղաքական բանավեճերը, իրար համոզելու գործը կարծես մղվել է 2-րդ, 3-րդ, 10-րդ պլան։ Այո-ն կամ Ոչ-ը, սևն ու սպիտակն, առճակատումը դարձել են մեր կյանքի հիմնական մասերը»։ Այն, որ Դաշնակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկավ հանրաքվեի ընթացքում եղած կեղծիքների վերաբերյալ, պարոն Վարդանյանը լռել չի համարում։ «Դուք որտե՞ղ եք տեսել, որ Դաշնակցությունը լռել է։ Ամեն ինչի մասին խոսել ենք, գնահատականները տվել ենք։ Մենք երբեք չենք ասել, որ ամեն ինչ անթերի է։ Մենք ամենասկզբից ասել ենք, որ մեզ համար կարևոր է հնարավորինս նորմալ հանրաքվեի անցկացումը»։ Հարցին, թե արդյո՞ք նոր սահմանադրությամբ պարոն Վարդանյանը տեսնո՞ւմ է ռեալ հնարավորություն, որ Դաշնակցությունը մեծամասնություն դառնա խորհրդարանում, գործիչը նշեց. «Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջիկա՝ 2017 թվականին, ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Բայց որ խորհրդարանական համակարգը փոխելու է մեր քաղաքական մշակույթը, դրանում համոզված եմ։ Դաշնակցությունն այն ուժն է, որ հետևողականորեն իր քաղաքական ճանապարհով ընթանում է և առաջիկայում մենք շատ ավելի ռեալ դերակատարություն կունենանք Հայաստանի քաղաքական կյանքում»։