Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր բաժին ասֆալտն անենք». Հ. Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan

ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ նախագծի վերաբերյալ իր առաջարկներին տրված կառավարության պատասխանները իրեն չեն բավարարում. «Մենք իրար աչքի թոզ փչել չենք կարող, քանի որ նավթի առեւտուրը այսօր սկսվեց 37 դոլարով, որը 2014թ. հունիսի տվյալներով 137դոլար էր ու ստացվում է՝ ահռելի անկում է եղել: Այդ առումով ինչո՞ւ տնտեսությունը չի բարելավվում, որ գների նման կատաստրոֆիկ անկումը ոչ մի դրական բանի չի բերում՝ օրինակ, աղքատության նվազման»: Նա նաեւ հայտարարեց, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումները չկան բյուջեի ուղերձում. «Ուզում եմ հասկանալ՝ հիմա մենք դրանից օգուտներ ստացա՞նք, երբ այդ համակարգի ներբողները, օրինակ նախկին փոխվարչապետը, որը հիմա այստեղ նստած է(խոսքը վերաբերում էր Վաչե Գաբրիելյան-խմբ.) մեծ խոստումներ էին տալիս»: Պարոն Բագրատյանը նաեւ անդրադարձավ բյուջեի նախագծի վերաբերյալ եղած առաջարկներին. «Նայում եմ առաջարկներին, ոնց որ քառասուն կիլիոմետրանոց ասֆալտ անենք, որից երեսուն կիլոմետրը դուք եք անում, մյուսը տասը բաժանել եք հանրապետականների մեջ՝ մարդա մի կիլոմետր ասֆալտ անի: Ախալքալաքցիքի հացն էլ ենք կտրել. հայտնի են, որ իրենք են հիմնականում ասֆալտ անում: Որպես ընդդիմություն՝ մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր բաժին ասֆալտն անենք»: «Գոնե մի նորմալ բան ասեիք. Ի՞նչ ասֆալտ, ի՞նչ հանրապետական: Պարոն Բագրատյանին էլ ասֆալտ տվեք»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հրանտ Բագրատյանը շարունակեց՝ ասելով. «Երբ հանդիպում ենք քաղաքացիների հետ, նրանք ասում են՝ ի՞նչ կարող եք անել որպես ընդդիմություն, դրա համար մեզ էլ տվեք քվոտա ասֆալտի:  Աշխարհում, երբ պատգամավորը ասֆալտի գործն իր վրա է վերցնում, ապա բյուջեն նորից են գրում»: «Աշխարհի փորձին տիրապետում ենք, պարոն Բագրատյան, իհարկե կան նման դեպքեր, սակայն ԱՊՀ երկրներում չկա մի երկիր, որ նման օրենսդրություն ունենա: Դե ԱՊՀ-ն էլ է մտնում աշխարհի մեջ»,- պատասխանեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: