Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան պետք է աչք չփակի Հայոց ցեղասպանության հարցում. քուրդ գործիչ

Քաղաքականություն
0f40df49bef27f2e3d04b7a6d76559c3

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի հայ եւ թուրք հասարակությունները կրկին սկսեն վստահել միմյանց, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահդին Դեմիրթաշը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի հաստատության կողմից կազմակերպված վեհաժողովի ընթացքում: «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, դա մի խնդիր է, որը մեզ անհրաժեշտ է ընկալել տարբեր հարթություններում: Մեր կարծիքով, Թուրքիային անհրաժեշտ է կարգավորել այդ հարցը», - հայտարարել է Դեմիրթաշը: Հայոց ցեղասպանության հարցը վեհաժողովում բարձրացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակՎիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը, ով Սելահդին Դեմիրթաշին շնորհակալություն է հայտնել Եղեռնի խնդրի վերաբերյալ հետեւողական դիրքորոշում հայտնելու կապակցությամբ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը համանախագահում է Դեմիրթաշը, սոցիալիստական ուժ է եւ զբաղվում է ոչ միայն քրդերի, այլեւ` բոլոր ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ: Իր ելույթում Դեմիրթաշը նշել է, որ փոխվստահության հաստատումը գործընթաց է, որը նախկինում սկսվել էր պաշտոնական Անկարայի մասնակցությամբ եւ որն անհրաժեշտ է շարունակել. «Մենք պետք է կանգ չառնենք եւ աչք չփակենք այդ հարցի առջեւ», - ընդգծել է քաղաքական գործիչը: Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժերը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Սելահդին Դեմիրթաշն այդ կապակցությամբ ասում է, որ Թուրքիայում դեռ բոլորը չեն հասկանում այդ գործընթացը շարունակելու կարեւորությունը, սակայն խնդրում է դրա մեջ չմեղադրել ամբողջ թուրք հասարակությունը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, դեռ մնում են պատմական հարցեր, որոնք խորն ուսումնասիրության կարիք ունեն: «Մենք պետք է եղբայրներ դառնանք, ավելի շուտ, կրկին եղբայրանանք: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բաց եւ անկեղծ: Մեզ անհրաժեշտ է կրկին վստահել միմյանց», - հայտարարել է Դեմիրթաշը: Ամերիկայի ձայն