ԿԳ նախարարի տվյալներով՝ բուհերում ակտիվ քարոզչություն են անում «ոչ»-ի կողմնակիցները (տեսանյութ)
Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Կառավարության նիստից հետո հրաժարվեց քաղաքական գնահատականներ տալ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի կազմակերպած հանրահավաք-նստացույցին, միայն ասաց. «Իմ կուսակից ընկերներն արդեն քաղաքական գնահատականներ հնչեցրել են: Իսկ որպես նախարար ուզում եմ ասել, որ արդեն որերորդ անգամ փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը ուսումնական հաստատություններում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրիս օրենքները բոլորի համար են: «Ոչ»-ի տվյալ ներկայացուցիչները բուհերում քարոզչություն են իրականացնում՝ խախտելով օրենսդրությունը դասադուլի կոչեր անում: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ կրթությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն, հետեւաբար բոլոր քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իրականացնեն ուսումնական հաստատություններից դուրս՝ ոչ դասերի հաշվին»: Նախարար Աշոտյանը նշեց, որ իրենք չեն քննադատում, այլ ողջունում են ուսանողի քաղաքական հայացքներ ունենալու հանգամանքը, սակայն այդ ամենը պետք է նա իրականացնի ՀՀ օրենսդրության շրջանակներում: Անդրադառնալով Ազատության հրապարակում հնչող կոչերին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ամենազավեշտալին այն է, որ ասում են՝ մահ իշխանություններին, բայց այդ ամենը պետք է անել խաղաղ ընդվզման միջոցով: Այ այդ մասը, որ իրենցից բացատրությունը ստանաք, լավ կլինի»: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի հետ ունեցած տարաձայնություններին, պարոն Աշոտյանը հայտարարեց, որ նախարարությունը որեւէ վեճ չունի օմբուդսմենի հետ. «Գործն ուսումնասիրվում է երկար ժամանակ: Եթե գործն ուսումնասիրվում է երկար ժամանակ, եթե համապատասխան մարմինը կարդում է կամ միգուցե չի կարդում մեր գրած պատասխանները, եթե մի քիչ հասկանում է պետական կառավարման համակարգից, օրենքներից, եթե չի կատարում պատվեր կամ չի հասկացել, որ իրականում հարցը բարձրացնելով այլ գերատեսչությունների, մասնավորապես մեր նախարարության առջեւ, այն էլ այդ տոնով չի կատարում PR գործողություն, այդ դեպքում կարծում եմ, որ մեզ նման ՄԻՊ պետք չէ: Ակնհայտ է, որ ԿԳՆ-ն այս տարվա բյուջեի նախագծում առաջարկել է այդ դպրոցի շինարարությունը եւ ՄԻՊ-ն այդ մասին տեղյակ է եղել: Հետեւաբար, նման տեսակի մեղադրանքներն՝ ուղղված մեր նախարարությանը, պարզապես անընդունելի են՝ կամ ոչ պրոֆեսիոնալ են, կամ ուղղորդված են, կամ պատվիրված են»: