Ընդդիմության միասնական շտաբը տեղափոխվում է Ազատության հրապարակ (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում բացատրեց, թե ինչու էր երեկ ցանկացել ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի դիմաց, ինչը նրան թույլ չտրվեց:
«Ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ են։ Հայաստանն իրենց կուսակցապետությամբ չի լինելու,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեւի առաջին անգամն էր հայոց պատմության ընթացքում, երբ ոստիկանությունը չարաշահվում է, օգտագործվում է. իշխանությունը բռնազավթած կուսակցության շենքը պաշտպանել ոչ միայն քաղաքացուց, այլև՝ ծաղիկից: Եվ սա բնորոշում է իրավիճակը՝ փակված ճանապարհներ, շենքերի պաշտպանություն ծաղկեպսակից, եւ հետո խոսում են Սահմանադրության իրավաչափության, գեղեցիկ չլինելու մասին»,- նշեց նա:
Այսօրվանից սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատասխանելու է նաեւ լրագրողների հարցերին:
Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն էլ ավելացրեց, որ իրենց շտաբն այսօրվանից տեղափոխվում է Ազատության հրապարակ:
«Ամեն օր հավաք ենք անելու եւ ամեն ինչ անելու ենք, որ լարում չլինի, ավելորդ քաշքշոց չլինի եւ ոչ-ոքից ոչ մի մազ չպակասի սկզբունքով»,- նշեց նա:
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր արդեն օրակարգում է հանրաքվեի չեղարկման հարցը:
«Այսօր նժարին դրված է այս ապօրինի, նոր սահմանադրությունը իր գործընթացով, որը միայն եւ միայն մեր երկիրը անկայունության է տանելու, նժարի մյուս կողմում դրված է կասեցումը եւ օր առաջ ազատումը այս ռեժիմից»:
Սեֆիլյանը հույս ունի, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը կհաջողվի կասեցնել այս գործընթացը, ուստի կոչ է անում բոլորին մասնակցել հանրահավաքներին:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սթափության կոչին, Ժիրայր Սեֆիլյանը կարճ պատասխան տվեց. «Սթափության կոչ անողին արհամարհում ենք»։
