1999-ին Յու. Բախշյանն ասել է՝ իշխանությունը սերտաճել է հանցավոր տարրերի հետ (տեսանյութ)
«Բոլոր ընտրություններին ցնցում ենք ունեցել։ Մեկը դառնում է հաղթող, մյուսը՝ պարտվող, և հասարակությունը բաժանվում է երկու մասի, անջրպետ է առաջանում։ Սրանից պետք է հրաժարվել»,-այսօր ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ վստահ լինելով, որ սահմանադրության փոփոխությունը դրան կնպաստի։ «Հիմա էլ անջրպետ է, պարոն Հակոբյան, սահմանադրության հարցում հասարակությունը բաժանվել է Այո-ի և Ոչ-ի։ Ուրեմն հանրաքվեից էլ հրաժարվեք»,-հակադարձեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Ըստ նրա՝ ամեն քայլափոխի քաղաքացիները տեսնում են, որ օրենքի առջև բոլորը հավասար չեն և առանց անձանց փոփոխության սահմանադրական փոփոխությունն արդյունք չի տա։ « Մեզ ասում են՝ հին մեքենայի փոխարեն առաջարկում ենք նորը։ Բայց մենք ասում ենք՝ վարորդը հին է, շատ վթարներ են լինում։ Միևնույն է, ասում են՝ նոր մեքենա է»,-նշեց տիկին Բախշյանը։ «Հիմա վարորդին ենք փոխում։ Խորհրդարանական համակարգի անցնելով այդ խնդիրն է նաև լուծվում»,-վստահեցրեց ՀՀԿ-ականը։ Իսկ տիկին Բախշյանը հիշեց ամուսնու՝ երջանկահիշատակ քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի խոսքերը. «Յուրան եղել է Հանրապետական կուսակցության ակունքներում կանգնած մարդ, բայց 1999 թվականին՝ ՀՀԿ 5-րդ համագումարին ասել է՝ ազգովի կանգնել. իշխանությունը սերտաճել է հանցավոր տարրերի հետ։ Այն ժամանակ Յուրի Բախշյանն ԱԺ նախագահ էր»։ Պարոն Հակոբյանը փորձեց արդարացնել ՀՀԿ-ականի ասած խոսքերը. «Կան թեզեր, որ բոլոր ժամանակների համար գործող են»։ «Ժառանգության» անդամն անդրադարձավ սահմանադրության նախագծի կետերից մեկին, որում ամրագրված է, թե պետությունը պետք է տարեցների համար արժանապատիվ ծերություն ապահովի. «Ի՞նչ պիտի անեք, որ այդ արժանապատիվ ծերությունն ապահովեք. բյուջեն ռեզի՞ն պետք է դարձնեք»։ Տիկին Բախշյանը հիշեցրեց նաև Սերժ Սարգսյանի բազում խոստումները. «Տեսեք՝ ինչեր է ասել. մեծերին, խոշորներին գլխից պետք է բռնենք։ Հլը տեսեք՝ քանի՞ խոշոր է բռնվել»։