«Սերժ Սարգսյանը բարի եւ մարդկային էլեմենտներ ունի» (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը միակ ընդդիմադիրն է, որ չէր խուսափի բովանդակային վերլուծության ենթարկել Սերժ Սարգսյանի Սահմանադրության նախագիծը: Այնտեղ վտանգավոր շատ դրույթներ կան. «Ես ասում եմ, որ փաստացի սա պառլամենտական Սահմանադրություն չէ, փաստացի էստեղ ասենք, մենք վտանգում ենք մեր պաշտպանությունն ու անվտանգությունը եւ բերում եմ հիմնավորումներ»: Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ Հանրապետականի փաստացի մենիշխանությունն ամրագրվում է Սահմանադրությամբ, որ քաղաքական մեծամասնությունն ապագա խորհրդարանում ձեւավորվում է պառլամենտարիզմի էությանը հակառակ. «Եթե ես համոզված լինեի, որ Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծն իրապես լավն է, անկախ նրանից, որ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եմ ես, ինչ կարծիքի կլինի, ես բացահայտ կասեի, որ այս փաստաթուղթը լավն է»: Առաջիկայում էլ Գագիկ Ջհանգիրյանը չի պատրաստվում հոդված առ հոդված քննարկել նոր Սահմանադրության նախագիծը, գլխավոր վտանգները նա արդեն ներկայացրել է: Հանրապետական Հովհաննես Սահակյանն ուզում է հասկանալ՝ «Ոչ»-ի ճակատի ուզածն ինչ է, եւ ովքեր են բովանդակային քննարկումներից խուսափողները. «ՀԱԿ՝ ո՞վ է խոսում՝ Լեւոն Զուրաբյան, մեծ հաշվով՝ Հրանտ Բագրատյան, եթե կարելի է ՀԱԿ համարել։ «Ժառանգություն»՝ մի հատ Զառա, Զարուհի Փոստանջյան, ով երեւի գլխավոր լաչառ կոչումն ա վաստակել: Ուր էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Մի ամբողջ քարոզարշավ վերջանում է եւ վերջին երեք-չորս օրը եկել է ներողություն է խնդրում»: Սակայն այս մարդիկ քաղաքական դեմքեր են եւ նրանք իրավունք ունեն քաղաքական պատճառներով հրաժարվել բովանդակային քննարկումներից, նրանք չեն ուզում կարեւորություն տալ Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը։ Հովհաննես Սահակյանը շարունակում է. «Կարող են միայն քաղաքական շեշտադրումներով գնալ առաջ: Բայց սա էն խնդիրը չի, որ պետք է քաղաքական շեշտադրում անել: Եթե մենք ընտրեինք երկրի նախագահ, բնական է, որ պետք է անեին բացառապես եւ միայն քաղաքական շեշտադրումներ, որովհետեւ երկրի նախագահ ընտրելու փաստի կայացման առումով հետեւանքները բացառապես քաղաքական են։ Բայց մենք ընդունում ենք փաստաթուղթ, որը մեր ընդհանուր համակեցության կանոններն է սահմանում»: Հովհաննես Սահակյանն ինքն է փորձում «Ոչ»-ի ճակատին բովանդակային քննարկման մեջ ներքաշել՝ դեմ են ազատ անկախ դատարանների՞ն, դեմ են, որ Վճռաբեկ Դատարանի դատավորներին խորհրդարանը երեք հինգերորդո՞վ ընտրի: Ոչ: Նրանք պարզապես Սերժ Սարգսյանից ոչ մի լավ բան չեն սպասում. «Էդ դեպքում ես հարց եմ տալիս՝ իրենցից ո՞ր մեկից լավ բան սպասենք»: Իսկ Սերժ Սարգսյանը, ընդդիմությունն է խոստովանել Հովհաննես Սահակյանին, բարի եւ մարդկային էլեմենտներ ունի, որոնք նախագահներին հատուկ չէ: