«Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի առաջնորդը նախագիծ է տվել, դուք ուրացել եք» (տեսանյութ)
Նոր Սահմանադրությունը հիմնված է ստի վրա եւ ապօրինի է. ահազանգում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Սահմանադրության միակ այլընտրանքային տարբերակը, որը ներկայացրել է ինքը, չի քննարկվել: «Հրեշտակները վերեւից նամանավանդ Հայաստանին հետեւում են: Դուք ի՞նչ եք անում ձեր Ազգային ազատագրական պայքարի առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրի, ղեկավարի հետ այդ ինչ եք անում: Դուք անում եք այն, որ ասում եք՝ չկաս, Դուք անում եք այն, ինչ ԿԳԲ-ն էր անում, փաստաթուղթը տվել եմ, դուք չեք քննարկել, այսինքն՝ համարել եք, որ ես չկամ, գոյություն չունեմ, բա չե՞ք ամաչում դրանից դուք: Ձեր հանրապետական կուսակցությունը չի՞ ամաչում, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի առաջնորդը նախագիծ է տվել, դուք ուրացել եք»,- այսօր դիմելով հանրապետական Սուքիաս Ավետիսյանին՝ նշեց ԱԻՄ առաջնորդը: Նույնը, նրա խոսքերով, վերաբերում է «Ոչ»-ի ճակատին: Նրանց եւս նախագիծը ներկայացվել է, եւ չեն առարկել. «Ու դրանից հետո վեր կենալ եւ խոսել հանրաքվեի օրինականության մասին, ձեզ ոչ մեկդ ապուշի տեղ մի դրեք: Դրանից չեք շահելու: Մի բան կա խոսելու այս պահին, այդ հանրաքվեն չպետք է կայանա, եթե մարդ ենք եւ դրա մասին պետք է խոսեր հանրապետականը», - նշեց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդը եզրակացնում է, որ «Ոչ»-ի եւ «Այո»-ի ճակատները իրար հետ են, «Նրանք ռուսական ստրուկներ են, արժեքային համակարգից գաղափար չունեն, դուք գիտե՞ք որեւէ հայ թագավոր, որ ճնշումների պարագայում մուսուլմանություն ընդունած լինի, ոչ; Մուսուլմանություն ասելով ես վատ բան նկատի չունեմ: Մենք եվրոպական արժեհամակարգի հետեւորդ էինք, մեր թագավորը մի օրվա մեջ փոխեց իր կողմնորոշումը եւ հաջորդ օրը անմիջապես որոշում է ընդունում, որ Սահմանադրության փոփոխություններ պետք է տեղի ունենան»: ՌԴ նախագահը, ըստ Հայրիկյանի, Սերժ Սարգսյանին նաեւ այլ հանձնարարություն է տվել: «Իր Պուտին պապան ասեց պետք է հրաժարվես Եվրոպայից, դառնաս մաքսային խուժանության անդամ, բայց այդպես չի վերջանում, Հայաստանն էլ պետք է թուլանա»,- նշեց նա: Իսկ հանրապետական Սուքիաս Ավետիսյանն ավելացնում է, որ Սահմանադրական հանձնաժողովը բաց է եղել քննարկումների համար, իսկ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով երկրի անվտանգությունն ավելի կմեծանա: