Փաստաբան դարձավ ցմահ ազատազրկված ու արդարացված Արայիկ Զալյանը
Փաստաբանական դպրոցի 75 շրջանավարտներ այսօր ստացան փաստաբանի արտոնագիր: Առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալիս փաստաբանը հանդիսավոր երդում է տալիս: «Հանդիսավոր երդվում եմ ազնիվ եւ բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները եւ շահերը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ փաստաբանի վարքագծի կանոններով»: Այսօր փաստաբանի արտոնագիր ստացավ նաեւ Մատաղիսի հայտնի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, այնուհետեւ արդարացված Արայիկ Զալյանը: Նրա խոսքերով՝ իրավապաշտպան դառնալու միտքը բանտախցում է առաջացել: «Անազատության երեք տարիների ընթացքում շատ էի հանդիպում նույն կարգավիճակով երիտասարդների՝ զինծառայողների, ովքեր անօրինական էին դատապարտվել եւ որոշեցի դառնալ իրավաբան-իրավապաշտան»,- «Ա1+»-ին ասաց արդեն փաստաբանի արտոնագիր ունեցող Արայիկ Զալյանը: Ըստ նրա՝ իրավապաշտպանությամբ զբաղվելու համար շատ կարեւոր է փաստաբանի արտոնագիրը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար այսօր եւս տոն է՝ փաստաբանի արտոնագիր է ստացել իր պաշտպանյալը. «2006 թ. պատ էր մեր առջեւ, սակայն ցմահ ազատազրկման դատավճիռը բեկանվեց»: Նա փաստաբանի արտոնագիր ստացողներին կոչ արեց միշտ լինել պայքարի մեջ եւ իրենց իրավունքներն օգտագործել: Իսկ փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ իր գործընկերներին կոչ արեց վստահորդի հետ ճիշտ հարաբերությունների մեջ մտնել եւ քանի որ շուկա մտնելու խնդիր կա, սկսել աշխատել փոքր հոնորարներով եւ նույնիսկ անվճար: