Մասիսցին Բագրատյանին հիշեցնում է. «Փողերը վատնեցիք, աշխատատեղերը փչացրիք» (տեսանյութ)
«Գործող սահմանադրությամբ ե՞րբ աշխատեցիք, ե՞րբ փորձեցիք, որ չստացվեց, հիմա էլ եկել՝ փոխում եք»,-Արարատի մարզի Մասիս քաղաքում Ոչ քարոզող ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցն ուղղում է իշխանությանը։ Ասում է՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ծրագրում չի եղել նման կետ, հիմա ինչո՞ւ են փոխում։ «Ասում են, թե նոր սահմանադրությամբ նախագահ չի լինի։ Սոցցանցերում գրում են՝ լավ չի, այսօրվա նախագահը կգնա, կուրախանանք։ Ես չգիտեմ՝ կուրախանանք, չենք ուրախանա, բայց այսօրվա նախագահը կարող է գնալ, աշխատել գենսեկի սկզբունքով, որովհետև մենք մտցնում ենք պարտոկրատիա։ Եվ ամենակարևորն էլ այն է, որ նախագահ կա իրականում, բավականին լուրջ լիազորություններ ունի, միայն թե իրեն կընտրի խորհրդարանը։ Նպատակն այն է, որ այլևս նախագահական ընտրություններ չլինեն։ Այդ ընտրությունների ժամանակ հավաքվում էինք, կարծիքների բախում էր լինում, հեշտ չէր ավարտվում։ Դուք շանս ունեիք ձեր վրդովմունքն արտահայտելու, հիմա չեք ունենալու։ Առաջարկվող համակարգով հնարավոր չի, որ իրենք չհաղթեն։ Սա հավերժացնում է իրենց իշխանությունը՝ դարձնելով կուսակցապետություն»,-բնակչությանն ասաց պատգամավորը։ Նա նաև կարծում է, որ գործընթացը չափազանց արագ են փորձում իրականացնել. «Ափալ-թափալ հինգ, վեց հոգով սահմանադրությունը գրել են, ուզում են անցկացրած լինեն, երբ բացահայտ հակասությունների մի փաստաթուղթ է ստացվել»։ «Պարոն Բագրատյան, ձեր իշխանության օրոք ոչ հաց կար, ոչ ջուր, ոչ գազ, ոչ լույս։ Մեր խնայողական փողերը վատնեցիք, աշխատատեղերը փչացրիք։ Հիմա մենք և ջուր ունենք, և գազ, և լույս։ Դուք ասում էիք՝ մի ձուն կարող եք կիսել, հարևանի հետ ուտել, հիմա իմ երեխան 2 ձու է ուտում, մի հատ չի ուտում»,-հիշեց անցյալը մասիսցիներից մեկը։ «Ճիշտ չես ասում, մայրիկ ջան։ Դուք լույս ունեիք 1995-ի նոյեմբերի 5-ին, երբ Հրանտ Բագրատյանը վարչապետ էր։ Հրանտ Բագրատյանը բացեց ատոմակայանը»,-ինքն իր մասին ասաց գործիչը, հավելելով, որ իրենց իշխանության օրոք պատերազմի ամենածանր շրջանն է եղել։ «Այո, առաջին նախագահն ասել է՝ մի ձու է, այսօր մի ձու կերեք, հետո փառք Աստծո՝ դառել է երկու»,-ասաց պարոն Բագրատյանը։