«Թուրքիան աջակցում է Իսլամական պետությանը թե ֆինանսապես, թե ռազմականապես»
Միջազգային իրավունքի մասնագետ Արթուր Ղազինյանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման դեպքին։ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և հնարավոր հակա-ահաբեկչական միջազգային կոալիցիան նյարդայնացնում են պաշտոնական Թուրքիային, քանի որ եթե Ռուսաստանին հաջողվի ԵՄ պետությունների և ԱՄՆ-ի հետ ստեղծել այդ կոալիցիան, ապա Իրաքի և Սիրիայի տարածում բնակվող և Իսլամական պետության դեմ պայքարող քրդերը կստանան ամբողջ աշխարհի լեգիտիմ աջակցությունը: Թուրքիայի օդուժի կողմից Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի կամայական խոցելու փաստը հաստատում է այն մտայնությունն ու կասկածները, որ պաշտոնական Թուրքիան աջակցում է Իսլամական պետությանը թե ֆինանսապես, թե ռազմականապես: Իսկ դա իր հերթին նշանակում է, Թուրքիան կարող է հայտնվել հակա-ահաբեկչական գործողությունների թիրախում` բախվելով լավ զինված ու կազմակերպված քրդական բանակի և իր տարածքում բնակվող միլիոնավոր քրդերի հետ: Ռուսական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան փաստի առաջ է կանգնեցնում ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի կողմից ցանկացած պատասխան գործողություն ՆԱՏՕ-ի կողմից կընկալվի որպես իր դեմ կատարված ոտնձգություն` դրանից բխող բոլոր հետևանքներով: Սա ակնհայտ սադրանք է Թուրքիայի կողմից Ռուսաստանի և հնարավոր հակա-ահաբեկչական կոալիցիայի մասնակիցների դեմ, ինչը պետք է հասկանան Ռուսաստանում և չտրվեն սադրանքների: Ռուսաստանը ներկայումս պետք է անի ամեն ինչ հակա-ահաբեկչական կոալիցիան կյանքի կոչելու և այդ հարցում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու համար: Իսկ Թուրքիայի հարցը կլուծեն քրդերը, ինչից որ այդքան սարսափած են Թուրքիայի ներկայիս ավտորիտար ու արկածախնդիր իշխանությունները: