Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը կալանավայրից կոչ է հղել. ամեն ինչ որոշվելու է դեկտեմբերի 1-ից

Քաղաքականություն
Volodya-Avetisyan5

«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ընդդիմության միասնական շտաբ»-ին է ուղարկել հետևյալ բովանդակությամբ կոչը և խնդրել է այն հրապարակել իր անունից: Սիրելի՛ հայրենակիցներ, Ազատամարտիկ ընկերնե՛ր, Մեծ ուշադրությամբ հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ուրախ եմ, որ մի խումբ ընդդիմադիր քաղաքական ուժեր միավորվել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մեջ և ձգտում են նաև համագործակցել մյուս ընդդիմադիրների հետ, որպեսզի միասնական ճակատով պայքարեն բռնապետության դեմ: «Նոր Հայաստան» ճակատը պայքարի վճռական փուլն սկսում է դեկտեմբերի 1-ին՝ Ազատության հրապարակում նշանակված համազգային հանրահավաքով: Պայքարի ընթացքը մեծ հույս և հավատ է տալիս բոլորիս: Եթե այսպես շարունակվի, առանց դեկտեմբերի 6-ի հանրաքվեին հասնելու կվռնդենք Սերժ Սարգսյանին ու իր ավազակախմբին: Այդպիսով կազատագրենք մեր երկիրը և թույլ չենք տա, որ նա իր նոր սահմանադրության միջոցով մեզ ճորտ դարձնի: Ես, բանտում լինելով, տեսնում եմ արդեն հաղթանակը: Եվ տեսնում եմ, որ ամեն ինչ որոշվելու է փողոցում՝ դեկտեմբերի 1-ին և հաջորդ մի քանի օրերին: Դեկտեմբերի 1-ը վճռական օր է դարձել Հայաստանի և ամբողջ հայության համար: Այդ պատճառով կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին և իմ զինակից ընկերներին՝ դեկտեմբերի 1-ին Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից գալ Երևանի Ազատության հրապարակ, սկսել ակտիվ պայքարը, ոչ մի դեպքում չնահանջել և գնալ մինչև վերջ՝ մինչև հաղթանակ: Հաղթելո՛ւ ենք, ազատությունը մոտ է:   Վոլոդյա Ավետիսյան, Վարդաշեն ՔԿՀ, 20 նոյեմբերի 2015 թ.