Նյու Յորք. Վերհիշում և Վերածնունդ
Թեքեյան Մշակութային Միության հովանավորությամբ, Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի շրջանակներում, նոյեմբերի 21-ին Նյու Յորքի ,,Մերկին,, համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝,,Վերհիշում և Վերածնունդ,, խորագրով, որին մասնակցեցին հայրենի անվանի արտիստներ՝ Հասմիկ Պապյանը(Վիեննա), Ալեքսանդր Չաուշյանը(Լոնդոն), Կարեն Հակոբյանը(Նյու Յորք) :
Ներկաները ջերմությամբ ընդունեցին անվանի երգչուհի Հասմիկ Պապյանի ելույթը, որն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ ։ Իր առաջին դեբյուտը կայացել է Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, որից հետո նա հրավերք է ստացել Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոնի կողմից, որպես մենակատար։ Կարճ ժամանակ անց նա դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Անվանի երգչուհին ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգասրահներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի ,,Մետրոպոլիտեն,, օպերան, ,,Կարնեգի հոլլը,, , Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի, Միլանի ,,Լա Սկալա,, Փարիզի ,,Բաստիլ,, Մյունհենի, Շտուտգարդի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաներում։ Նա հանդես է եկել՝ Մոցարտի Ռոսսնիի, Չայկովսկու, Վագների, Վերդիի և հայ անվանի կոմպոզիտորների օպերաներում։ Հասմիկ Պապյանը հյուրախաղային ելույթներ է ունեցել՝ ԱՄՆ ում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Չիլիում, Կանադայում։ Նա կատարումներ է ունեցելաշխարհահռչակ դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին,Վալերի Գեգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասոն և ուրիշները։ Իր համերգային ծրագրերում նա միշտ ներկայացնում է ՝ Կոմիտասի, Երանյանի, Կանաչյանի, Չուխաջյանի, Տիգրանյանի, Տերտերյանի, Մանսուրյանի և ուրիշների ստեղծագործությունները։ 2004թ․ Հասմիկ Պապյանը արժանացել է ՀՀ Ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը, իսկ 2005թ․Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ կողմից , Էջմածնում պարգևատրվել է ,,Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ,, շքանշանին ։ 2006թ․թողարկվել է թվային ձայնասկավառակ՝ Կոմիտասի 36 երգերով։
Հայրենի դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի առաջին դեբյուտը կայացել է 18-տարեկան հասակում Նյու Յորքի հանրաճանաչ,,Կարնեգի հոլլ,, համերգասրահում։ Նա համերգային բազմազան ծրագրերով հանդեա է եկել՝ ԱՄՆ-ում, Հայաստանում, Արգենտինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Կարեն Հակոբյանը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, իսկ համաշխարհային դաշնամուրային միջազգային մրցույթին նա արժանացել է բրոնզե մեդալի ։ Որպես կոմպոզիտոր նրա ստեղծագործություւներ հնչել են տարբեր մրցույթներում ։ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում, Ճապոնիայի երաժիշտ, դիրիժոր Հիսայոշի Ինուեի նախաձեռնությամբ և Ճապոնիայի ՀՀ դեսպանության հավանավորությանբ, Տոկիոյի ,,Լյութեր Իչիգայա,, համերգասրահում տեղի է ունեցել Կարեն Հակոբյանի մենահամերգը, որի ծրագրում հնչել են՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի,Առնո Բաբաջանյանի և եվրոպական մի շարք կոմպեզիտորների ստեղծագործություններ։ Այդ օրը դաշնակահարը առաջին անգամ կատարել է նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը ։
Համերգի մասնակիցներից էր նաև անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, որը սովորել էր Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 12 տարեկան հասակում Իտալիայի Վերոնա քաղաքի թավջութակահրների մրցույթում ստացել է առաջին միջազգային պարգևը, իսկ 13տարեկան հասակում, արդեն որպես միջազգային մրցույթի դափնեկիր՝ 1990թ․ ելույթ է ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ։ Տողերիս հեղինակը այդ օրը ներկա է գտնվել պատանի թավջութակահարի մենահամերգին և լուսանկարել։ 1992-95թ․սովորել է Լոնդոնի ,,Եհուդի Մենուհինի,, նշանավոր դպրոցում՝ Մելիսա Ֆելպսի ղեկավարությամբ։ 1999-2003թ․վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թագավորական երաժշտական ակադեմիայում ։ Ալեքսանդր Չաուշյանը մասնակցել և արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և պարգևների, այդ թվում Ֆրանսիայի խոշորագույն թավջութակահար Պիեռ Ֆուրնիեի անվան մրցանակին ։ Որպես մենակատար նա հանդես է եկել Վիեննայի կամերային նագախմբի, Լոնդոնի, Շվեցարիայի, Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ ։ 2002թ․ Մոսկվայում նա արժանացել է Չայկովսկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակին։
Համերգի մասնակիցներին նվագակցում էր կամերային անսմբլը, որը ղեկավարում էր ճանանչված դիրիժոր՝ Արկադի Լեյտուշը ։
Համերգի մասնակիցներին և կազմակերպիչներին ողջյունի խոսք էր հղել ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Համերգին ներկա էր նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան՝ Զոհրաբ Մնացականյանը։
Համերգն, որն անցավ մեծ հաջողությամբ, ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները՝ հողինակի