Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ծախվել` Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Ստեփան Դեմիրճյա՞նը, թե՞ Կարեն Դեմիրճյանը

Քաղաքականություն
aaaaaa

Սպիտակ քաղաքի մշակույթի տանը «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցները շարունակում են բացատրել, թե ինչու նրանք պետք է դեմ կամ կողմ լինեն Սահմանադրական փոփոխություններին: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը սպիտակցիներին վստահեցնում էր, որ նախագիծը երկար են քննարկել, ուսումնասիրել ու որոշել, որ փոփոխությունները պետք են. «Եթե մեկին չես վստահում, չի նշանակում, որ նրա առաջարկած փոփոխություններին պիտի «ոչ» ասես, տղամարդկություն է պետք դրա համար»: Դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը սպիտակցիներին հիշեցնում է` դեկտեմբերի վեցին դեմ քվեարկելով` իշխանությունը չի փոխվելու. «Շատերը մտածում են, եթե «ոչ» ասեն, ուրեմն իշխանության դեմ են գնում, բայց էտենց չի, սա սահմանադրության փոփոխության համար է, եթե գնաք ասեք «ոչ», ի՞նչ է փոխվելու, ոչ մի բան, իշխանությունը չի տուժելու դրանից»: Սպիտակում անտարբերությունն ավելի մեծ է, քան մյուս քաղաքներում ու համայնքներում, նկատում է «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը. «Ես գիտեմ՝ ինչի է այդպես, մեզ միշտ ասել են, որ վիզը ձեռքով չեն ծռում, բայց էտենց չի, ես հիմա իմ ձեռքով կծռեմ այդ վիզը, թեկուզ մի քիչ, մյուսը կգա էլի կծռի ու մենք կհասնենք մեր նպատակին, դա նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյուրի ձայնը կարեւոր է, պետք է բոլորդ գնաք եւ ոչ ասեք»: Կրոնագետ Վարդան Խաչատրյանը անդրադառնում է այն խոսակցություններին, թե «ոչ» ասողները պաշտոնի համար են պայքարում. «Ասում են, գնում են «ոչ» ասեն, որ հետո անդրկուլիսյան համաձայնության գան, ծախվեն, պաշտոն ստանան, դե եթե էտենց եք ասում ուրեմն եկեք փաստենք, էտ ով է ծախվել` Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, ինքը վերջին թեկնածունա եղել, Ստեփան Դեմիրճյա՞նը, թե՞ Կարեն Դեմիրճյանը»: Քարոզիչների ելույթից հետո, մշակույթի տանը հավաքված մարդկանցից մեկը արձագանքեց. «Շնորհակալություն ընդդիմախոսներին, որովհետեւ դուք եւս մեկ անգամ հաստատեցիք իմ «այո»-ի հաստատակամությունը, դուք «ոչ» եք ասում միայն այսօրվա իշխանությանը»: «Ոչ» ասողները խնդրեցին նրան ներկայանալ. -Շահեն Հարությունյան, Սպիտակի թիվ 3 դպրոցի տնօրեն: -Կուսակցական պատկանելիություն ունե՞ք: - Այո, ՀՀԿ անդամ եմ: - Դե վերջ, էլ ինչ ասեմ,- արձագանքեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը: