Լեւոն Զուրաբյանի մոտ նոր մանկություն է արթնացել. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքն էլ է ընդդիմության նման իրավիճակը համարում ցնցումային. «Հանրաքվեի քարոզարշավի առաջին փուլը համարում եմ հետախուզական: Եվ այո-ները, եւ ոչ-երն այսօր մեկ ընտանիքի նման քարոզարշավ են անում: Մի նոր քաղաքական մշակույթ է ձեւավորվում. եւ ոչ-երն են մերը, եւ այո-ները»: Ըստ նրա՝ այսօր իշխանությունները սահմանադրական փոփոխություններով արտահայտում են ժողովրդի մեծամասնության կարծիքը. «Մենք ընդամենը միացել ենք ժողորդի կարծիքին»: Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե հաղթելու է «ոչ»–ը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս տասնհինգ տարի է՝ Լեւոն Զուրաբյանի մոտ նոր մանկություն է արթնացել ու մի քիչ էլ երկար է տեւում: Ոչինչ, մենք դրան կհարմարվենք»: Նա նաեւ նշեց, որ դեկտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը հանդես կգա հանրաքվեի մասին լայնածավալ ասուլիսով: Ինչ վերաբերում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի եւ նրա եղբայրների մասին պատմած անեկդոտին, պարոն Բաղդասարյանն ասաց. « Ես չեմ ուզենա կոպիտ արտահայտություններ ասել, սակայն որոշ մարդիկ ոչ թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն, այլ ժամանակին խմեն իրենց դեղերը»: