«Սերժ Սարգսյանը անձնական հակակրանք ունի Սեֆիլյանի և մյուսների նկատմամբ» (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքացիների ու «Ոչ»-ի շտաբի անդամների նկատմամբ շարունակվում են հալածանքները իշխանության ներկայացուցիչների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ , «Ոչ»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը: «Մասնավորապես մի քանի օր առաջ , երբ քարոզարշավի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը մի քանի այլ մարդկանց հետ գնալիս է եղել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ՝ ցեմենտի պարկերով փակել էին նրա ճանապարհը: Նրանք ստիպված են եղել զարտուղի , դաշտամիջյան ճանապարհներով հասնել նշված վայրը: Ամենաթարմ դեպքն էլ հենց երեկ է տեղի ունեցել, երբ «Նոր Հայաստանի»-ի միասնական շտաբի Վարդենիսի գրասենյակի ղեկավարը՝ Մարտիրոս Հակոբյանը, մեզ տեղեկացրեց, որ այնտեղ շտաբի անդամների նկատմամբ հալածանքներ ու սպառնալիքներ են սկսվել: Նույնը նաև մեր երիտասարդ անդամների նկատմամբ: Նաև սահմանափակում են մեր՝ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ազատ տեղաշարժի իրավունքը»,- ներկայացրեց Վարուժան Ավետիսյանը: Վերջինիս համոզմամբ՝ այս ամենը վկայում է այն մասին, որ սահմանադրական հանրաքվեից առաջ իշխանություններն ամեն կերպ փորձում են «Ոչ»-ի կողմնակիցներին ճնշել, վախեցնել և ամեն միջոցներով փորձել կոտրել իրենց շարժման թափը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով հավանական համարեց, որ հանրաքվեից առաջ մի շարք մարդկանց նաև կազատազրկեն: «Մենք պետք է հասկանանք, որ այս ամենը միմիայն քաղաքական նպատակներ հետապնդող գործընթացներ են : Այս հալածանքները նոր չէ , որ Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ սկսվել են : Այս ամենը գալիս է դեռևս ապրիլ ամսվա դեպքերի՝ Ցեղասպանության միջոցառումներից առաջ, երբ մի ամբողջ կառույցի անդամների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ չգիտես թե ինչպես «Այո»-ի կողմնակիցներից ոստիկանությունը ոչ մի իրավախախտում չի արձանագրում, չի նկատում , իսկ «Ոչ»-ի կողմնակիցների ամեն մի տեղաշարժը նրանց համար իրավախախտում է»,-շեշտեց պարոն Սաքունցն ու հավելեց, որ իր գնահատմամբ ՝ այդ ամենը խոսում է հանրությանը ուժի ու բռնությունների միջոցով նոր Սահմանադրությունը պարտադրելու մասին: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կիսում է բանախոսների կարծիքը: Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը «личная неприязнь» ունի Ժիրայր Սեֆիլյանի ու սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների նկատմամբ: