Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ Միքայել Պողոսյանը չի միանում քաղաքացիական պայքարներին (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-211

«Կոչումը մարդիկ հնարում են, որպեսզի գնահատեն մեկը մյուսին, բայց, իհարկե, երբ հասունանում ես, այդ պարգեւները ուրիշ բնույթ են ստանում, հասկանում ես, որ ամենկարեւոր պարգեւները ուրիշ տեղ պետք է որոնես»,-այսօր LOFT-ում իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Միքայել Պողոսյանը: Նա նշեց, որ իր համար ամենակարեւոր պարգեւը հարգանքն է, որը ձեռք ես բերում ժողովրդի առաջ: «Կան ինչ-որ ատյաններ, որոնք որոշումներ են կայացնում՝ շնորհել այս մարդուն պարգեւ կամ չշնորհել, դա նրանց խնդիրն է: Ժամանակը ցույց է տալիս, որ հաճախ այդ պարգեւները ձեւական բնույթ են ունենում: Նույն աստիճանի վրա դրվում են արժանի եւ ոչ արժանի մարդիկ: Այսօր այս քաղաքում ապրում են արժանի մարդիկ, որոնք դեռ այդ պարգեւներին չեն արժանացել, բայց հաստատ գիտեմ, որ ձեր կողմից սիրված են»,-հավելեց նա: Միքայել Պողոսյանը հանդիպման ընթացքում խոսեց նաեւ մեր երկրում տիրող իրավիճակի մասին. «Չեմ ուզում խոսել այն մարդկանց մասին, որոնք ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ մարդիկ հեռանում են: Սա ժամանակավոր բան է եւ կախված է ձեր՝ երիտասարդների ըմբոստության աստիճանից: Մենք այսօր ավելի պասիվ դիրքում ենք, ամեն մեկս կուչ եկած մեր պրոբլեմների, խցերի մեջ, եւ միաբանվելու խնդիրը այսօր շատ կարեւոր է:  Ես հավատում եմ այսօրվա երիտասարդությանը եւ կոչ անում ըմբոստանալ»: Հարցին, թե ինչու նա չի միանում երիտասարդության պայքարին, դերասանը պատասխանեց. «Իմ ասելիքն իմ գործերի միջոցով եմ հասցնում: Եթե հիշում եք, «Երեւան ջան» ֆիլմը սկսվում է նրանից, որ իմ հերոսը տեսնում է պրեզիդենտի շքերթը եւ բացականչում՝ «բարեւ պրեզիդենտ ջան», եւ թիկնապահը հարվածում է նրան: Այն իրականությունը, որը տեղի ունեցավ «Պապլավոկում», երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը սպանեց մի մարդու, որը ուղղակի ասաց՝ «Ռոբիկ ջան, բարեւ», ես դա ներկայացրեցի գեղարվեստի միջոցով»: