Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ի արդյունքում՝ 300 մլն դոլար վարկ (տեսանյութ)

Քաղաքականություն
pavel

2016թ. պետական բյուջեում որոշակի շեղում կա նախորդ տարիների համեմատ՝ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի լինելու: «Ա1+»-ի հետ զրույցում այսօր ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ ավելացնելով. «Եկող տարի որ վատ է լինելու, շատ վատ է լինելու, ինձ նման խոստովանություն հայտնի չէ: Ես չէի օգտագործի՝ վիճակն այնքան վատ է տերմինը: Ես կօգտագործեի այլ տերմին՝ մենք բավարար ռեսուրսներ չունենք, որպեսզի աշխատավարձերն ու թոշակները բարձրացնենք»: Ըստ նրա՝ 2016թ. ծրագրային ցուցանիշներով հարկերի հավաքագրման կրճատում կա, սակայն փաստացի հավաքագրման առումով աճ կլինի. «Հարկերի հավաքումը կախված է մեր տնտեսական աճից, ՀՆԱ-ից, իսկ այն հաշվարկները, որոնք ներկայացվեցին ԱԺ-ում, բավարար են, եթե դրանք չփոփոխվեն տարվա ընթացքում մեզնից անկախ պատճառներով: Դրանք բավարար են եկամտային մասը հարկային տեսանկյունից ապահովելու համար:Մեր եկամուտների մեջ հարկերը կազմում են 95 տոկոս»: Տնտեսական աճի նվազումը՝ 2016թ. համար կանխատեսվում է 2,2 տոկոս, Պավել Սաֆարյանի խոսքերով՝ մտահոգիչ է ոչ միայն ՀՀ, այլեւ ամբողջ աշխարհի համար. «Ոչ միայն արդյունքային ցուցանիշներով է աշխարհը մտահոգված, այլեւ այն պատճառով, որ դրա վրա ազդում են: Այո, ՀՀ-ն եւս բացառություն չէ, եւ մեր աճի տեմպերը եւս նվազել են»: Արդյոք ԵՏՄ համագործակցությունը չի՞ կարող դրականորեն ազդել մեր բյուջեի եկամտային հատվածի վրա, պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ դրական համագործակցության արդյունքներից մեկը առաջիկայում հստակ կերեւա. «Մեզ տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 300 մլն դոլարի չափով, որը լինելու է աջակցություն մեր բյուջեին, նաեւ՝ պայմանավորված հարկերի չհավաքագրման հետ»: