Հրանտ Բագրատյանը ամբիոնի վրա դատարկեց իր գրպանի պարունակությունը (տեսանյութ)
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր մտահոգությունը հայտնեց 2016թ. սպասվող պետական պարտքի՝ ռիսկային շեմին՝ ՀՆԱ-ի համեմատ 50 տոկոսին հասնելու վերաբերյալ. «Էլ բան չկա երկրում՝ վաճառելու, պարտքերը տալու համար»: Նա իր դժգոհությունը հայտնեց նաեւ Կառավարության գործելաոճի եւ ԱԺ արձագանքի վերաբերյալ. «ԱԺ-ն գնալով վերածվում է կառավարության կցորդի, ավելի շուտ՝ ԱԱՀ-ի: Պատգամավորների կողմից ներկայացված նախագծերը հաճախ անտեսվում են, սակայն ակտիվորեն ընդունվում են կառավարության նախագծերը: Դիմում եմ ՀՀԿ պատգամավորներին՝ մուրճ, չագուչ ունեք ձեր ձեռքին, վերջ տվեք, ԱԺ օրակարգ թող մտնեն մեր՝ պատգամավորների ներկայացրած նախագծերը»: «Բարեփոխված Սահմանադրությամբ ԱԺ նախագահի մուրճն է փոխվում ու ավելի հասանելի է դառնում: Այսօր ցանկացած նախագիծ, ըստ Կանոնակարգ օրենքի, կարող է քննարկվել հրատապ ձեւով: Չկա նախագիծ, որ չքննարկվի»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում նշեց, որ նոր Սահմանադրության նախագծում նման բան չկա. ընդամենը դեմոկրատիայի կտրուկ անկում է լինելու: Ինչ վերաբերում է 2016թ. բյուջեին, ապա, ըստ նրա, ամենավտանգավոր այն է՝ եթե այն շտկելու, առողջացման քայլեր չձեռնարկվեն, ապա 2017թ. բյուջեն ավելի վատն է լինելու. «Բյուջեի նախագծում տնտեսական քաղաքականության մոդել չի ներկայացվել: Այս կառավարությունը արժանանալու իր նախորդի ճակատագրին, որը քաղաքականություն չուներ: Նախորդ կառավարությունը միայն ասում էր՝ մակրոտնտեսական ստաբիլիզացիա: Լսեք, բոլորս էլ գիտենք, որ բաղնիքի ջերմաստիճանը պետք է լինի 30 աստիճան, սակայն խնդիրն ընդամենը տաք ջուրն ու լողանալն է: Այն, ինչ հիմա կասեմ, վերաբերում է 2-րդ ու 3-րդ նախագահներին՝ վերականգնողական աճը սպառվել է: Հիմա կասեք՝ այ Բագրատյան, ի՞նչ վերականգնողական աճ, մենք փող չունենք»: Այնուհետեւ, պարոն Բագրատյանը, ավելի պատկերավոր ներկայացնելու համար իր խոսքը, ամբիոնի վրա դատարկեց իր գրպանի պարունակությունը ու սկսեց բացատրել: Բացի այդ, նա նաեւ հայտարարեց, որ կառավարության ներդրումային ծրագրերը եւս մոնոպոլիզացված են. «Ներդրում պետք է աներ աղքատ գյուղացին, ոչ թե ասեիք՝ ախպերս եկավ ներդրեց: Մի հիմնադրամ ստեղծեիք ու ասեիք աղքատ մարդուն՝ 1000 դրամ բեր, ներդրում արա, 5 տոկոս կստանաս»: