Լեւոն Արոնյանի հաղթանակը մեր թիմին փրկեց պարտությունից
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հերթական միավորը կորցրեց Իսլանդիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: Երեկ կայացած 5-րդ տուրում մեր ընտրանին հանդիպեց Իտալիայի թիմի հետ: Սկզբում մերոնք զիջում էին 0,5:1,5 հաշվով, քանի որ հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսեսյանը հաղթած պարտիայում անսպասելի պարտվեց, իսկ 4-րդ համար Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց: Սակայն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կրկին հաստատեց իր բարձր կարգը, վստահ հաղթեց Դանիելե Վոկատուրոյին եւ վերականգնեց հավասարակշռությունը: Վճռական դարձավ Հրանտ Մելքումյան – Դանիլ Դվիրնի պարտիան: Մեր շախմատիստը չնայած դիրքային առավելություն ստացավ էնդշպիլում, սակայն չկարողացավ օգտվել դրանից եւ 79-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց: Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց եւ հերթակամ միավորը կորցրեց: Այժմ մեր թիմն ունի 6 միավոր եւ շարունակում է երեք բալով ետ մնալ մրցաշարի միանձնյա առաջատար Ռուսաստանից: Մեր կանանց հավաքականը բավական անհաջող հանդես եկավ այս տուրում եւ 1:3 հաշվով պարտվեց ոչ այնքան ուժեղ Սերբիայի թիմին: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ ահա Լիլիթ Գալոյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Մերոնք մնացին նույն միավորներով եւ այժմ արդեն 5-ով զիջում են 100 տոկոսանոց արդյունք ունեցող Ռուսաստանին: