«Խորհրդարանական համակարգը ինչպե՞ս պայքարի Գ.Խաչատրյանի, Ս.Ալեքսանյանի մենաշնորհի դեմ» (տեսանյութ)
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, մի հին անեկդոտ հիշեց. «Մի այլանդակի բռնաբարության համար պիտի դատեն, ժողովուրդը որոշում է որպես պատիժ նրան տակառի մեջ դնի, ջուրը լցվի, կամաց-կամաց խեղդվի: Երբ ջուրը հասնում է գոտկատեղին, հանցագործը գոռում է՝ստոպ, մեղավորը մեռավ, բռնաբարողը ես չէի: Նույնն է նաեւ մեր իրականության մեջ. խոշտանգված ժողովուրդ, քայքայված տնտեսություն, փոշիացված բյուջե, եւ այս բոլորի մեղավորը, պարզվում է, գործող Սահմանադրությունն է, իշխանությունը մեղք չունի: Գործող Սահմանադրությունը եկեք թաղենք, նորը մեզ կփրկի»: Անահիտ Բախշյանը Սահմանադրության նոր նախագծի որոշ դրույթներ էր առանձնացրել, որոնց վերաբերյալ պարզաբանում խնդրեց ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից: «Գործող Սահմանադրության եւ նոր Սահմանադրության հոդվածներից մեկն արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց մենք տեսնում ենք, որ իրականությունն այդպիսին չէ: Բոլորս էլ գիտենք՝այս բիզնեսն ումն է, այն բիզնեսն ումն է, շատ էլ որ՝ իրենց կանանց կամ զավակների անուններով է»,-ասաց նա՝ հավելելով. «Խորհրդարանական համակարգը ինչպե՞ս պիտի շուկայում մենաշնորհի դեմ պայքարի: Պայքարի Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի դեմ, երբ այդ մարդիկ շարունակելու են մնալ իրենց պաշտոններում»: Հարցին ի պատասխան՝ Մկրտիչ Մինասյանն ասաց. «Մեծամասնականով ընտրվելու են միայն քաղաքական գործիչները: Ո՞ր կուսակցությանը ձեռք կտա ոչ քաղաքական գործիչների ցուցակ կազմել: Փոխվում է ամբողջ համակարգը,- ապա հավելեց,-համոզված եղեք, որ այո լինելու է: Մեր ժողովուրդը ավելի խելացի է, քան առանձին քաղաքական գործիչներ»: