«Հիմա էշացման պրոցես է». Պ. Հայրիկյան (տեսանյութ)
Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ԱԻՄ կուսակցությունը ցույց կանցկացնի՝ ի նշան բողոքի սահմանադրության նախագծի և առաջիկայում սպասվող հանրաքվեի։ «ԿԸՀ-ում վարձկաններ են, որոնք ևս մեկ անգամ պղծելու են պատմությունը։ ԱԻՄ-ն այդ շենքի մոտ մեկ անգամ ևս պատմության համար կարձանագրի, թե ինչ է կատարվում»,-այսօր ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Ինչո՞ւ է գործիչը ոչ ասում նոր սահմանադրությանը. «Սկզբում իշխանությունները սահմանադրական բարեփոխում էին կոչում այս գործընթացը, հետո հասկացան, որ ապուշություն է և դարձրին փոփոխություն»,-այսօր ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Իշխանության նախաձեռնած փոփոխությունն, ըստ նրա, արհեստածին է և ապօրինի։ «Անհրաժեշտ էր միաբերան ոչ ասել այս նախագծին, բայց քանի որ բոլորն ուղնուծուծով փչացված են, այդ թվում՝ հանրությունը, այս վիճակն է»։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ԱԻՄ առաջնորդը համարում է գաղտնի գործակալների ձեռքի գործը։ «Գաղտնի գործակալն իրավունք չունի որևէ հարց քննարկելու, նա պետք է հրաման կատարի։ Անակնկալ ձևով Սերժ Սարգսյանն ասաց, որ մտնում ենք ԵՏՄ, հիմա էլ հայտարարեց սահմանադրության փոփոխության մասին։ Նա հրաման է ստացել իր շեֆից»,-վստահ է նա։ Գործիչը նաև հիշեցնում է. «Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ես չեմ ընդունում Արցախում Արթուր Մկրտչյանին։ Ինձ համար կան միայն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Հետագայում այդ երկուսն էլ դարձան նախագահ»։ Իսկ ի՞նչ նպատակով է փոփոխվում երկրի մայր օրենքը. «Հայաստանն ուզում են դարձնել անթագավոր երկիր։ Հիմա էշացման պրոցես է»,-կարծում է պարոն Հայրիկյանը։ Այն, որ եվրոպացի փորձագետները հավանություն են տվել նախագծին, նա մի հանգամանքով է բացատրում. «Եվրոպացիները կհասկանային, որ կան նաև այլ տարբերակներ։ Բայց նրանք եվրոպացի չեն, այլ շարքային խուժան»։ Իշխանությունն, ըստ ԱԻՄ առաջնորդի, ժողովրդին վատ վիճակի մեջ է դնում. «Սա նման է նրան, որ մեկին տանես կործանման, ճանապարհին շոկոլադ տաս»։