Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանն անհամաձայնություն հայտնեց Կ. Նահապետյանի տվյալների առնչությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
783fb4afe085a252eef6b69c9df6ae3e

2016թ. պետական բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր անհամաձայնությունը հայտնեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ներկայացրած այն տվյալներին, թե տեսանկարահանող սարքերի տեղադրման արդյունքում նվազել են պատահարների թիվը. «Չգիտեմ՝ ինչ տվյալներ եք մեջբերում, սակայն ես ունեմ Արդարադատության նախարարության վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ պատկերը հակառակն է: Տեսանկարահանող սարքերը տեղադրվել են 2012թ. եւ մինչ օրս պատահարների թիվն աճել է 21 տոկոսով, իսկ տուժածների թիվը՝ 17 տոկոսով»: Պարոն Փաշինյանը խոսեց նաեւ սահմանամերձ համայնքներում դպրոցներում անվճար սննդի խնդրից: Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի տվյալները տարբերվում են. «Ձեր կողմից իմ խոսքերին որակավորում տված՝ անհասկանալի հայտարարություն ասածի վերաբերյալ մեկնաբանություններից զերծ կմնամ: Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա իսկապես զգալի չափով այդ թվերը նվազել են: Վիճակագրական տվյալները կարող են տարբեր լինել: Ես պատրաստ եմ ձեր փաստաթուղթը ստանալու ու մեր հանձնաժողովում ձեզ հետ միասին մեկ առ մեկ անդրադառնալու ձեր փաստարկներին»: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչ ասում ենք, ասում եք՝ հավաքվենք, քննարկենք: Եթե ձեզ այլ տվյալներ են տալիս, որ հեռուստատեսությամբ հանդես գաք, դա ուրիշ բան, ինձ տվել են պաշտոնական տվյալներ»: «Ձեր որակումներում շրջահայաց եղեք: Իմ ձեռքի տակ ոստիկանության տվյալներն են: Եթե դուք դեմ եք քննարկման իմ առաջարկած ձեւաչափին, դա արդեն ուրիշ: Ես չեմ կարող ԱԺ դահլիճում անմիջապես այո կամ ոչ արձագանքեմ»,- պատասխանեց Կորյուն Նահապետյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած համայնքների դպրոցներում անվճար սննդի հարցին՝ ասելով, որ ԱԺ-ն անպայման համապատասխան քննարկում կունենա ու խնդրին լուծում կտրվի: