Մտավորականների խորհուրդը դեմ է Սահմանադրական փոփոխություններին (տեսանյութ)
Ներկա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակում նոր Սահմանադրություն ընդունելու օբյեկտիվ պատճառներ չկան, եւ անհրաժեշտ է դեմ քվեարկել նախագծին. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի մտավորականների խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը: Նրա խոսքերով՝ նոր նախագծով փորձ է արվում շեղել հասարակության ուշադրությունը հրատապ լուծում պահանջող հարցերից՝ սոցիալական անարդարություն, աղքատություն, արտագաղթ, ղարաբաղյան հակամարտություն եւ այլն: Մտավորականների խորհուրդը այսօր հանդես է եկել հայտարարությամբ. «Հատկապես այս պայմաններում, երբ հանրապետությունը գտնվում է գրեթե պատերազմական վիճակում, երբ Գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը պետք է լինի մշտական գործող, նման փոփոխությունները դժվարացնում են նաեւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում ՀՀ մասնակցության տրամաբանությունը։ Ո՞վ պետք է խոսի հանրապետության անունից՝ վարչապե՞տը, Ազգային ժողովի նախագա՞հը, ՀՀ նախագա՞հը, թե՞ կառավարող կուսակցության նախագահը»,- հայտարարությունն ընթերցեց բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը: Ասուլիսի բանախոսները ավելացրին, որ սա նոր Սահմանադրություն է եւ ոչ թե փոփոխություններ: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով՝ խորհրդարանական կառավարման համակարգը իրականում ձեւական է լինելու. Նրա խոսքերով՝ մինչ Սահմանադրության օրը հաստատելը, պետք է մարդկանց հետ զրուցեին, գնային մարզեր եւ մարդկանց բացատրեին նոր Սահմանադրությունը։ Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ ընտրողներին հորդորեց դեկտեմբերի 6-ին քվեարկել խղճի թելադրանքով: