Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանության ցանկացած նախաձեռնություն Գյումրիում սվիններով են դիմավորում»

Քաղաքականություն
rob2

«Գյումրիի ու գյումրեցու վիճակը շատ վատ է, համատարած աղքատություն ու թշվառություն է։ Էդ ղեկավարները այստեղից թող հույսեր չունենան, գյումրեցիք իրենց ձայն տվող չեն »,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Գյումրիի կենտրոնական հրապարակում մրգի առևտրով զբաղվող Ռաֆայելը։ Ըստ նրա՝ իշխանության ցանկացած նախաձեռնություն Գյումրիում սվիններով են դիմավորում. «Երկրաշարժից 25 տարի հետո մեր ժողովուրդը դոմիկներում է ապրում, սրանք ի՞նչ երեսով են գյումրեցուն ինչ-որ բան համոզում, չեմ հասկանում»,- զարմանում է նա։ Մեր զրույցի կես ժամվա ընթացքում միրգ գնելու համար Ռաֆայելի կրպակին մեկ զույգ է միայն մոտենում։ Նրանց սպասարկելուց հետո կրպակատերը շարունակում է. «Այ դու էլ ես քո աչքով տեսնում, մարդ չկա, առևտուր չկա։ Մարդկանց ձեռքը փող չկա, Էս մարդիկ էլ, որ տեսար լեննականցի չէին, երևանցի են»։ Ռաֆայելի պնդմամբ՝ գյումրեցիների վիճակը տարեցտարի է վատանում. «Մարդիկ արդեն խոպան գնալով էլ չեն կարողանում ընտանիք պահել։ Շուտվանից էին քաղաքում գործ ունենալուց հույսները կտրել, հիմա էս դուռն էլ է փակվում։ Գնում աշխատում գալիս են, բայց կուրսը 12-ից հասել է 7-ի, աշխատած փողը կես է եղել»։ Իսկ թե ինչպես է պատկերացնում քաղաքի հետագան, նշում է. «Չգիտեմ ապ ջան, սրանց ղեկավարած երկրում չգիտես ինչի սպասես»։