Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները «Վարդաշեն» ՔԿՀ-ում են (տեսանյութ)

Քաղաքականություն
azatamartik-nkar

Արդեն 11 օր հացադուլը շարունակող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն այսօր «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկի դիմաց էին՝ նրան փոխանցելու հացադուլը դադարեցնելու մասին հորդորի գրությունը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանի պնդմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանն ու նրա հետ հացադուլը անցկացնող երեք ընկերներն արդեն հասել են իրենց նպատակին. «Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը հայտարարեց, որ Անկախ հանձնաժողովների հարցով իրենք զբաղվելու են, պատրաստվում են աշխատել համակարգը շտկելու ուղղությամբ»: Խոսքը վերաբերում է այն Անկախ հանձնաժողովներին, որոնք որոշում են կայացնում այս կամ այն կալանավորին վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի կրման տեսակը փոխելու վերաբերյալ: Ազատամարտիկ Տիգրան Պետրոսյանի պնդմամբ՝ Անկախ հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել՝ մերժելով Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակել. «Ամբողջ դատավարությունը ցույց տվեց, որ Վոլոդյա Ավետիսյանն անմեղ է, նույնիսկ նրան մեղադրողները նշեցին, որ ազատամարտիկը իրենցից գումար ստանալու մտադրություն չի ունեցել»: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության մեղադրանքով և արդեն երկու տարի է՝ կալանքի տակ է: Հոկտեմբերի 30-ից հացադուլ անցկացնող ազատամարտիկն իր բողոքն է արտահայտում Անկախ հանձնաժողովի դեմ, որը երկրորդ անգամ մերժեց նրան ազատ արձակել: