Պետական պարտքը 2016թ. տարեվերջին կկազմի 5,5 մլրդ դոլար. բյուջեի քննարկումներն են
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր սկսվեցին 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այն ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ բյուջեի հիմքում հիմնականում լինելու են իրատեսության ու կայունության դրույթները. «Անկախ տնտեսական տարաբնույթ զարգացումներից՝ ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն: Հաջորդ տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, ինչպես նաեւ՝ շեշտադրումներն ուղղված են կրթական, մշակութային ու առողջապահական ծախսերին»: Վարչապետի ներկայացմամբ՝ շարունակելու են ԼՂՀ տրվող աջակցությունը: Իսկ հարկաբյուջետային զարգացումները, ըստ նրա, վկայում են այն մասին, որ անհրաժեշտ են բարեփոխումներ, սակայն ոչ ամբոխահաճո, այլ ազնիվ մոտեցման սկզբունքներով. «Միջազգային փորձագետները այս տարվա տնտեսական զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին: Դա է վկայում տրանսֆերտների զգալի անկումը: Այս տարվա ինն ամիսների երեք ու կես տոկոս տնտեսական աճը արտացոլումն է արտաքին պայմանների, ներդրումների խթանման համար կարեւոր են աշխատատեղերի ստեղծումը: Այս պայմաններում կառավարության ծրագրով նախանշված գործարար միջավայրի համար կարևոր է հարկաբյուջետային կայունությունը»: Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ «Հարկային օրենսգրքի» քննարկումն ու ընդունումն է այս առումով կարեւոր է, որի համար ինքը տվել է կարեւոր ցուցումներ. «Հիմնական շեշտադրումը հարկային սպառման հարկման վրա է դրված, հարկատուների պայմանների դյուրինացման վրա: Երեքից հինգ տարվա ընթացքում բարեփոխումները պետք է իրականցվեն, իսկ վարչարարության աստիճանական բարդացում պետք է ունենա: Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այս պահի տեսանկյունից, անմիջական եկամուտների գայթակղությունից, այլ հեռանկարներից: Ակնկալում եմ ձեր անմիջական աջակցությունը»: Բյուջեի քննարկմանը ներկա է նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ավելի մանրամասնորեն ներկայացրեց բյուջեի ծախսերն ու եկամուտները: Նրա խոսքերով՝ պետական պարտքին չխոչընդոտող դեֆիցիտի կառավարում է լինելու. «Ակնկալվում է ՀՆԱ-ի 2.2 տոկոս աճ, 4+- տոկոս տնտեսական աճ, պետական պարտքը 2016թ. տարեվերջին կկազմի 5 մլրդ 565 մլն դոլար եւ կանխատեսվում է, որ այն կմոտենա 50 տոկոսի շեմին: Եկող տարվա ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 373.7 մլրդ 700 մլն դրամ, դեֆիցիտը՝ 190 մլրդ դրամ»: Ըստ Պավել Սաֆարյանի՝ եկող տարի թոշակների բարձրացում նախատեսված չէ, փոխարենը կառավարությունը նախատեսում է ծնունդների թվի աճ, իսկ 419 մլն դրամով էլ կավելանան սրտի վիրահատությանը տրամադրվող գումարները: