«Ով է ասել, որ Սաշիկ Սարգսյանը արդար է աշխատելու, Սերժ Սարգսյանն էլ դեմոկրատ է դառնալու» (տեսանյութ)
«Գագիկ Հարությունյանը պետք է լինի թիվ մեկ պաշտպանը գործող Սահմանադրության, այնինչ նա դարձել է թիվ մեկ պաշտպանը փոփոխվող Սահմանադրության: 2018 թ-ին լրանում է նրա 70-ամյակը, և նրան բաներ են խոստացել: Փաստորեն մի հոգի էլ է ավելացել, որ ուզում է փոխվող սահմանադրությամբ իր կյանքը երկարաձգի, առաջինը՝ Սերժ Սարգսյանն է, երկրորդը, բնականաբար, Գագիկ Հարությունյանը: Էլի կան, իհարկե, իրենց կյանքը երկարաձգել ցանկացող մարդիկ, բայց սրանք էն մարդիկ են, ովքեր ավելի մեծ պաշտոնների ակնկալիքներ ունեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին: Անդրադառնալով առաջարկվող կառավարման մոդելին՝ պարոն Մանուկյանը նշեց, որ բոլոր մոդելներն էլ լավն են, ցանկացած մոդել կիրառելի է ցանկացած երկրի համար, սակայն պետք է հաշվի առնել, թե տվյալ երկիրը ինչ իրավիճակում է գտնվում՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության առումով: «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը մենք այս պահին չենք տեսնում, այն պահին, երբ Հայաստանը գտնվում է շատ լուրջ մարտահրավերների առաջ՝ թե դրսից, թե ներսից: Մենք շատ փխրուն վիճակում ենք գտնվում և այդ վիճակում կարծում ենք, որ Հայաստանը չպետք է գնար սահմանադրական փոփոխությունների, ինչը կարող է ավելի շատ մարտահրավերների առաջ կանգնեցնել մեր երկիրը: Մենք ունենք ներքաղաքական լուրջ խնդիրներ՝ արտագաղթ, դեմոգրաֆիկական խնդիրը մեր երկրի պետք է լուծենք, իսկ դրա փոխարեն իշխանությունները զբաղված են այլ բաներով»,-համոզմունք հայտնեց ՀԱԿ պատգամավորը։ Վերջինս նաև հարց է բարձրացնում. «Իսկ ո՞վ է ասել, որ նոր սահմանադրությամբ Սաշիկ Սարգսյանն արդար է աշխատելու կամ Գագիկ Խաչատրյանը իր բիզնեսները թողնելու է մի կողմ կամ էլ Սերժ Սարգսյանը հանկարծ դառնալու է դեմոկրատ, իսկ ՀՀԿ-ի դեգեներատները չեն լինելու պառլամենտում, այդպիսի երաշխիք կա՞ : Որտեղ եք տեսել, որ մի կուսակցություն 17 տարի շարունակ լինի իշխանության ղեկին, և բոլոր գյուղերում նա անընդհատ հաղթի, չկա այդպիսի բան»: Մանրամասները՝ տեսանյութում