Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալների բողոքը տեղին է. Օմբուդսմենի տեղակալ (տեսանյութ)

Քաղաքականություն
ombudsmen-nkar

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում շարունակվում է 55 ցմահ դատապարյալի հայտարարած հացադուլը` քրեական գործերը վերանայելու պահանջով: «Միայն 2014 թվականին քննվել է ութ միջնորդություն, որից յոթը հետաձգվել է, այսինքն` դրա քննարկումը ոչ եղել է մերժում, ոչ եղել է դրական եզրակացություն, և միայն մեկը մերժվել է»,- ասում է Օմբուդսմենի տեղակալ Երանուհի Թումանյանցը։ Չնայած նրան, որ մի քանի տասնյակ ցմահ դատապարտյալների պատժի կրման 20 տարին վաղուց լրացել է, պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նրանց դիմումները շարունակաբար չեն բավարարվում անկախ հանձնաժողովի կողմից: Օբուդսմենի տեղակալի պնդմամբ` հանձնաժողովը ոչ տարբերակված մոտեցում է ցուցաբերում ցմահ դատապարտյալների նկատմամբ: «Այնտեղ կա մոտ 40-41 դատապարտյալ, որոնք մեկ սպանության համար են դատապարտված: Դրանցից կեսը` 25-26-ը միայն դատապարտված են առաջին անգամ մեկ սպանությամբ: Այլ երկրներից, երբ փորձագետները գալիս են, զարմանում են, որ կարելի է մեկ սպանության համար միանգամից տալ ցմահ դատապարտում»: Երանուհի Թումանյանցը դատապարտյալների հետ շփումների արդյունքում պարզել է անկախ հանձնաժողովների աշխատանքում առկա մեկ այլ խնդրի մասին: «Անձը, որին մերժում են, չգիտի` ինչի համար իրեն մերժեցին, ի՞նչն էր պատճառը, քանի որ ինքը քրեակատարողական հիմնարկում աշխատում է, ոչ մի խնդիր չունի, խրախուսվել է, բայց իրեն անկախ հանձնաժողովը մերժում է»: Ըստ նրա` դատապարտյալի ուղղման համար անբարենպաստ է հատկապես գործող օրենսդրությունը:«Երբ դատապարտյալները տեսնում են պայմանական վաղաժամկետները մերժվում են, ոչ մի դրական արդյունք չի լինում, նրանք արդեն ուղղման համար կոնկրետ քայլեր կարող են և չձեռնարկել»: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2012-ից սկսած բարձրացնում է այս հարցերը, սակայն փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին պաշտոնյաների խոսքերը իրականություն չեն դառնում: «Կա մի փոքր նախագիծ՝ մեկուսացվածության աստիճանի հետ կապված, որը որ մեկ-մեկուկես տարի Ազգային ժողովում է և դեռևս չի քննարկվել, չի ընդունվել»,- հավելում է Օմբուդսմենի տեղակալը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 104 ցմահ դատապարտյալ, որոնցից ոչ մեկի գործը մինչ օրս չի վերանայվել։