Ցավից գալարվող Սմբատ Հակոբյանին դուրս են գրել հիվանդանոցից
Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված Սմբատ Հոկոբյանը դուրս է գրվել հիվանդանոցից՝ չնայած դեռևս գտնվում է ծանր վիճակում։ «Այսօր նա շատ ուժեղ պրիստուպներ է ունեցել։ Շտապօգնությունն եկավ, բայց ինքը որևէ ձևով գիտակցության չէր գալիս, գալարվում էր ցավից։ Այնպիսի տպավորություն էր, որ այդ անձի ոսկորները կոտրել են։ Այս բոլոր օրերին, երբ նա հիվանդանոցում է եղել, նրա ցավերի կեսը չի ուղղվել։ Զարմանալի է, թե ինչպես է բժիշկը որոշում կայացրել նրան դուրս գրել»,- Ա1+-ին փոխանցում է ազատամարտիկի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Ըստ նրա՝ ապահովված չէ նաև ազատամարտիկի անվտանգությունը։ «Սեպտեմբերի 26-ին Սմբատ Հակոբյանը դիմել էր Քննչական բաժնի պետին՝ իր նկատմամբ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու և անձնական անվտանգությունն ապահովելու համար։ Քննիչը նույն օրը բավարարել էր միջնորդությունը և որոշում էր կայացրել Սմբատ Հակոբյանին պաշտպանելու, նրա անձնական անվտանգությունը ապահովելու մասին։ Սակայն մինչև այս պահը իրավապահ մարմինների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել»։ Փաստաբանը մատնացույց է անում օրենքի սահմանումը, համաձայն որի՝ համապատասխան մարմինները անհապաղ պետք է ձեռնամուխ լինեն պաշտպանության միջոցների կիրառման. «Սմբատ Հակոբյանի միջնորդությունը պետք է քննության առնվեր ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, առավել ևս, որ այն բավարարվել է քննիչի կողմից։ Միջնորդությունից արդեն երեք օր է անցել և Սմբատ Հակոբյանի անվտանգությունն ապահովված չէ»։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Սմբատ Հակոբյանին վրդովվեցրել է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի՝ ձերբակալված երեք անձանցից Հակոբ Պետրոսյանին ազատ արձակելու վերաբերյալ հիմնավորումը. «Չկալանավորելու համար հիմք դատարանն ընդունել է հանգամանքը, թե իբր կալանավորված Հակոբ Պետրոսյանը ծանր հիվանդություն ունի ու չի կարող անցկացնել կալանքը։ Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էր այդքան ծանր հիվանդություն ունեցող անձը մի քանի օր առաջ ծեծի մասնակից դառնալ»։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այս ամենը համարում է Սմբատ Հակոբյանի դեմ իրականացվող գործողություն. «Այն տպավորությունն է, որ ինչ-որ դիտավորություն կա»։