Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սրացումներ ասելով՝ նկատի չունենք լայնամասշտաբ պատերազմական գործողություններ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nahapetyan1

ԱԺ-ում այսօր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի գաղտնի նիստից հետո, որի ժամանակ քննարկվեց սահմանային լարվածության իրավիճակը, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողներին ասաց, որ միասնականացնելու են ջանքերը Կառավարության, ԱԳՆ-ի, ՊՆ-ի հետ,  որպեսզի հստակ ներկայացվի ՀՀ դիրքորոշումն ու ակնկալիքները: Ըստ նրա, վերլուծելով իրավիճակը` Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ենթադրվում է, որ առաջիկայում ավելի կլարվի իրավիճակը ու հնարավոր են ավելի մեծ սրացումներ. «Ադրբեջանական կողմն օգտագործում է խոշոր տրամաչափի զենք` 60 մմ, 80 մմ, 120 մմ տրամաչափի, շփման գծում նկատելի է թվաքանակի աճ, խաղաղ բնակավայրեր են գնդակոծվում Ադրբեջանի կողմից: Խորհրդարանականները եւս իրենց բաժինն ունեն այս կռվին մասնակցելու, եւ այդ իմաստով մենք պարբերաբար պետք է խորհրդատվություններ անցկացնենք ՊՆ, ԱԳՆ հետ` իրավիճակին անմիջապես իրազեկ լինելուն համար եւ համադրելու մեր գործողություններն ու անելիքները»: Պարոն Նահապետյանը կոնկրետացրեց իր խոսքը` նշելով` երբ ասում են սրացումները, խոսքը չի գնում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մասին. «Այս իրավիճակում մենք մեր մարտավարությունը պետք է վերանայենք. ոչ միայն լինելու են պատասխան գործողություններ, այլեւ նախահարձակ, նախականխիչ ռազմական գործողություններ»: «Ա1+»-ի դիտարկմանը` օրենսդիրները հայտարարում են գործադիր իշխանության հետ ջանքերի համադրության մասին, մինչդեռ ԱԳՆ-ն այս օրերին պասիվություն է ցուցաբերել ու հրապարակային որեւէ քայլով հանդես չի եկել, պարոն Նահապետյանը չհամաձայնեց. «ԱԳՆ-ն իր գործառույթներն է իրականացնում, եւ ես դա չէի գնահատի որպես պասիվություն. եթե կարիք լինելու արձագանքելու, ապա արձագանքը լինում է ժամանակին, եւ այն բովանդակությամբ, ինչ բովանդակությամբ հարմար է գտնում ԱԳՆ-ն»: Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ՀՀ ասելով, պետք է հասկանալ, որ նրա անբաժան մասը ԼՂՀ-ն է: Արդյոք դա դիվանագիտական, բանակցային գործընթացներում խնդիրներ չի՞ առաջանի. «Բանակցային գործընթացը չի կարող վտանգվել այդ հայտարարության կոնտեքստում: Բնականաբար, ՀՀ-ն ԼՂՀ անվտանգության երաշխավորն է, այդ շրջանակներում ՀՀ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եւ հետագայում իրականացնելու է իր առաքելությունը: Միջազգային հանրությունը պետք է քաջ գիտակցի, որ  չպետք է հավասարության նշան դնել կողմերի միջեւ այն պարագայում, երբ հակառակորդն է խախտում հրադադարի ռեժիմը, հակված չէ ստեղծել իրավիճակի հետաքննության մեխանիզմներ, դիպուկահարներին հեռացնել շփման գծից, մեր գործողությունները պետք է այդ տրամաբանության մեջ դիտարկել»: Սերժ Սարգսյանի մեկ այլ` ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ասամբլեայում հնչեցրած հայտարարության մասին Կորյուն Նահապետյանը չի ժխտում, որ չկային կոնկրետ շեշտադրումներ, այլ ավելի շատ ընդհանուր բնույթ էր կրում, սակայն նա կոչ է անում նկատի առնել, թե որտեղ է այն հնչել. «Ելույթ ունենալ մի գագաթնաժողովում, որի օրակարգը նվիրված է խաղաղապահ առաքելությանը, դուրս գալ այդ ձեւաչափից, ճիշտ չէր լինի»: