Ընդդիմադիր գործիչը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը մնա (տեսանյութ)
Ընդդիմադիր «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել, միայն թե նոր Սահմանադրությունը չընդունվի։ «Սերժ Սարգսյանն ավելի քիչ վնաս կբերի երկրին, քան նոր Սահմանադրությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: Նրա խոսքերով՝ ինքը հայ մարդ է եւ չի կարող հանդուրժել այս փոփոխությունները։ «Ինձ համար ավելի փոքր չարիք է հանրապետականի իշխելը, քան Սահմանադրական փոփոխությունները»։ Պարոն Գիմիշյանը դիմեց նաեւ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով սահմանադրական փոփոխությունները չդնել հանրաքվեի. «Եթե փոփոխությունների նպատակը իշխելն է, ապա մի ձեւ գտեք իշխելու համար»,- խորհուրդ տվեց նա։ Ի դեպ, Սոս Գիմիշյանը հույս ունի, որ Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի չեն դրվի եւ համախմբվելով դրա դեմ պետք է պայքարել։