Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

ԲԵՐԵԶՈՎԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ «ԽԻՄԿԻՈՒՄ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարող է հայտնվել ռուսական «Խիմկի» ակումբում: Բերեզովսկին մի քանի օր մարզվելու է այս թիմում, որից հետո հայտնի կդառանա նրա հետագա ճակատագիրը:

Ներկայումս փորձառու ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է Մոսկվայի «Դինամոյին», որը Ռոմանին վաճառքի է հանել, այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Յուրի Սյոմինը: Ներկայումս «Դինամոն» ունի 3 բարձրակարգ դարպասապահներ եւ բացառված է, որ Բերեզովսկին մնա «Դինամոյում»:

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Վեյկ ան Զեեի շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը իր անդրանիկ հաղթանակը տոնեց: Սեւերով հանդես գալով ԱՄՆ-ն ներկայացնող Գադա Կամսկու հետ` Արոնյանը բավական երկար տեւած պարտիայում այնուամենայնիվ կարողացավ պարտության մատնել մրցակցին եւ իր միավորների քանակը հասցնել 2-ի:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Վեսելին Թոփալովը եւ Վիշվանաթան Անանդը: Արոնյանը եւ 4 գրոսմայստերների հետ բաժանում է 5-րդ հորիզոնականը: 5-րդ տուրի հանդիպումները կկայանան վաղը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

Ինչպես արդեն տեղեկացրել էին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» դուրս է եկել Մոսկվայում անցկացվող ֆուտբոլի ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների միջեւ անցկացվող «Համագործակցության գավաթի» խաղարկության քառորդ եզրափակիչ:

Այս փուլում «Փյունիկի» մրցակիցն է լինելու մոլդովական «Շերիֆը»: Վերջինիս հետ հայկական ակումբները 2 անգամ հանդիպել են միջազգային ասպարեզներում:

Նախ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Հայաստանի նախկին չեմպիոն «Արաքսը» 2 խաղերի արդյունքում զիջել է «Շերիֆին» 0:3 հաշվով, ապա նույն «Համագործակցության գավաթի» 2002թ. խաղարկությունում «Փյունիկը» ապրտվել է 0:3 հաշվով:

«Շերիֆը» ընթացիկ խաղարկությունում C խմբում գրավել է 1-ին հորիզոնականը հաղթելով Դոնեցկի «Շախտյորին» եւ Ղրզղստանի «Դորդոյ Դինամոյին»:

Ի դեպ, «Շերֆինի» հաղթելու դեպքում «Փյունիկը» կիսաեզրափակիչում հանդիպելու է «Պախտակոր» (Ուզբեկստան) - «Նեւֆթչի» (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ:

ԿԻՍԵԼՅՈՎԸ ԿՄԱՐԶԻ «ԲԱՆԱՆՑԸ»

59-ամյա ռուս հայտնի ֆուտբոլային մարզիչ Նիկոլայ Կիսելյովը նշանակվել է Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ:

Ռուս մարզիչը իր կարիերայի ընթացքում աշխատել է բազմաթիվ ակումբներում, ինչպես նաեւ մարզել է ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականները: 90-ականներին Կիսելյովը աշխատել է նաեւ Արաբական միացյալ Էմիրություններում եւ Լիբանանում, այնեւհետեւ վերադարձել է Ռուսաստան, որտեղ գլխավորել է «Սոկոլը», «Օրյոլը», այնուհետեւ եղել է «Սպարտակի» եւ «Սատուրնի» փոխարինող կազմի մարզիչ:

«Բանանցում» Կիսելյովը կփոխարինի երիտասարդ Աշոտ Բարսեղյանին, որի գլխավորությամբ «Բանանցը» առաջին անգամ իր եւ անկախացած Հայաստանի պատմության մեջ կարողացավ հաղթահարել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլի առաջին արգելքը:

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ` ԿՐԿԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի ակումբային 2-րդ առաջնությունը, որին կրկին 6 թիմ է մասնակցում:

1-ին տուրում մրցաշարի ֆավորիտ «Բանկային Արքա» թիմը խոշոր 5.5 -0.5 հաշվով հաղթեց ՖԻՄԱ-ին: «Բանկային Արքան» բավական ուժեղ կազմ ունի եւ չեմպիոն գլխավոր հավակնորդն է: Բավական է նշել, որ այս թիմում են հանդես գալիս գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Մինչ այս փորձառու Վահանյանը հանդես էր գալիս գերմանական շախմատային ակումբներում:

Այս տուրում կայացավ եւ 2 հանդիպում: Շախմատային դպրոցի թիմը 2.5-3.5 հաշվով զիջեց Շախմատային ակադեմիային: Նույն հաշվով Արաբկիրը հաղթեց Գյումրիին։