Վերոնա քաղաքի ամֆիթատրոնում՝ հայկական պրեմիերա
2015 թ. սեպտեմբերի 29-ին, Իտալիայի Վերոնա քաղաքի Piazza Bra գլխավոր հրապարակում, «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում տեղի կունենա «ԱՄԵՆ» ծրագրի պրեմիերան։ «ԱՄԵՆ» շոուն ոգեշնչված դյուցազներգական դրամա է` պատմության ժամանակի միջով հայ ժողովրդի ճամփորդության մասին: Ծրագրի հեղինակներն ու կազմակերպիչները խորհրդանշական լեզվով, վիզուալ էֆեկտների և երաժշտության միջոցով ստեղծելու են խորապես զգայական պատմություն ամբողջ աշխարհով ցրված ազգի վերածննդի մասին: Օգտագործելով պարի և երաժշտության ժամանակակից արվեստի ձևերը, շոուն համատեղելու է հնագույնն ու ժամանակակիցը: Հեղինակային երաժշտության լիբրետոն և ավանդական բալետը համադրվելու են ամենաժամանակակից բեմական լուսա-ձայնային տեխնոլոգիաների հետ: Շոուն կներկայացվի սիմֆոնիկ նվագախմբի, դասական երգչախմբի, փոփ և ժողովրդական խմբերի, ինչպես նաև աշխարհահռչակ հայ և արևմտյան օպերային և էստրադային երգիչների և բալետի պարողների կողմից: Վիզուալ բովանդակությունը վերստեղծելու է հայ աստվածների ամբողջ պանթեոնի, Հայաստանում քրիստոնեության, գրի ստեղծման, քաղաքների կառուցման և ազգի պատմության այլ կարևորագույն իրադարձությունները պատկերող տեսարանների միջոցով: Ծրագրում մասնակցություն են ունելաւ` L'Orchestra Sinfonica Dell'Instituto Musicale Peri-Merulo di Ռեջջո Emilia սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը` Մաեստրո Ստեֆանո Ֆոնցիի ղեկավարությամբ (Իտալիա), ռեժիսոր և բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը, «Բալետ 2021 թ.» (Հայաստան), Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը, Մարիո Ֆրանգուլիսը, Ջուլիետ Գալստյանը, Ֆաբիո Կոնկատոն, Վարդուհի Խաչատրյանը, Ռոզի Անուշ Սվազիլյանը, Ֆաբրիցիո Բոսսոն (տրոմբոն) և շատ ուրիշներ: «Արենա Դի Վերոնա» ամֆիթատրոնը տեղավորում է 15,000 մարդ: Տոմսերի արժեքը տատանվում է 24 եվրոյից մինչև 276 եվրո: "ԱՄԵՆ» ծրագիրը ընդգրկված է Իտալիայում 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումների ցանկում և անցկացվում է Իտալիայում Հայաստանի դեսպանատան, Վերոնայի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի հովանու ներքո: