Ըստ ԲՀԿ-ականի՝ իրենց պայքարն ունեցավ բացասական արդյունք
«Կասեցում» շարժման եւ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանն արդեն փաստաբան ունի։ «Նա առայժմ ծանոթանում է գործի նյութերին»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց հենց ինքը՝ նախընտրելով փաստաբանի անունն առայժմ չհայտնել։ Փետրվարի 7-ին առեւանգված եւ բռնությունների ենթարկված Արտակ Խաչատրյանը նշեց, որ դիմում- բողոք էր գրել օմբուդսմենին։ Օմբուդսմենն էլ դիմել է քննչական կոմիտեին, որտեղից պատասխանել են, որ կատարվել են հարցաքննություններ, քննչական փորձարարություն, խուզարկություն, հեռախոսազանգերի վերծանումներ, տրվել են համապատասխան հանձնարարականներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին օրենքում» կատարված փոփոխություններին եւ լրացումներին, որոնք ուժի մեջ մտան հուլիսի 1-ից՝ Արտակ Խաչատրյանը նշեց, որ իրենց պայքարը ունեցավ բացասական արդյունք եւ հարկային բեռը ծանրացավ։ Արտակ Խաչատրյանը պայքարում էր այդ օրենքի փոփոխությունների դեմ։ «Եթե ի սկզբանե առեւտրով զբաղվողները ասում էին, որ անհնար է փաստաթղթավորումը, պայքարը դրա դեմ էր եւ հիմնավորում էին, որ հնարավոր չէ խոշորներից փաստաթուղթ վերցնել, պետք է փաստենք, որ հարկային բեռն ուղղակի ծանրացավ։ Խոշորը ուղղակի մնում է ստվերում, խոշորը նորից թուղթ չի տրամադրում եւ ամենանեգատիվ փաստերից մեկն այն է, որ հարկային մարմինների հետ կոնտակտը չի սահմանափակվում ոչ մի ձեւ»,- եզրափակեց Արտակ Խաչատրյանը։ Ըստ այդ փոփոխությունների՝ առեւտրական գործունեության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը 3,5-ից նվազեցվել է 1 տոկոսի, փոխարենը՝ առեւտրականները պետք է փաստաթղթավորեն ապրանքաշրջանառությունը, ավելի պարզ՝ յուրաքանչյուր ապրանքի գնման կամ ձեռբքերման համար փաստաթուղթ պետք է ներկայացնեն: Նոր ուժի մեջ մտնող օրենքի պահանջներով, հաշիվ-ապրանքագիր չներկայացնելու դեպքում առաջին անգամ փոքր եւ միջին ձեռնարկատերերը նախազգուշացում են ստանալու, երկրորդ անգամ՝ տուգանվելու են 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: