ԵԱՀԿ-ն ամրապնդում է մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ զինուժում
ՋԵՐՄՈՒԿ, ՎԱՅՈՑ ՁՈՐ, 9 հուլիսի, 2015թ. Հայաստանի ռազմական ոստիկանության քսանհինգ աշխատակիցներ մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից կազմակերպված` մարդու իրավունքների թեմայով եռօրյա դասընթացին: Մարդու իրավունքների տեղի փորձագետները վարեցին դասընթացը, որի նպատակն էր ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, որը հանդիսանում է ԵԱՀԿ համապարփակ անվտանգության հայեցակարգի անբաժանելի մաս: Դասընթացի մեթոդաբանությունը հիմնվում է Զինված ուժերի անձնակազմի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին ձեռնարկի վրա, որը մշակվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (ԶՈՒԺՎ) կողմից: Մեթոդաբանությունը նաև հիմնվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մշակված դասավանդման ձեռնարկի վրա: Դասընթացի ծրագրի թեմաներից էին՝ զինվորական ծառայության օրենքները և վարքականոննները, զինվորական արդարադատությունը և կիրառվող իրավական ընթացակարգերը, քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները: «Մարդու իրավունքների կրթությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների հանձնառություններից է, և այս վերապատրաստման դասընթացները կամրապնդեն զինված ուժերի անձնակազմի թե՛ մարդու իրավունքների գիտելիքները և թե՛ նրանց՝ մյուսների իրավունքների պաշտպանության հմտությունները», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան: «Մեր համատեղ ջանքերը մեծապես կնպաստեն զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կատարելագործմանն ու անվտանգության ոլորտի արդյունավետ բարեփոխմանը», - ասաց Պաշտպանության նախարարության պաշտպանության քաղաքականության վարչության ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Այս դասընթացը վերջինն էր՝ գրասենյակի աջակցությամբ այս տարի սույն թեմայի շուրջ կազմակերպված դասընթացների շարքում: Նախաձեռնությունը հիմնվում է վերջին երկու տարվա ընթացքում զինված ուժերի անձնակազմի թիրախային խմբերին հարմարեցված վերապատրաստման ծրագրի արդյունքների վրա, որոնք իրականացվել են Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ: Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 300 զինծառայող ամրապնդել են իրենց հմտությունները մարդու իրավունքների ոլորտում: