Հույս ունեն, որ Ե. Զախարյանի խոստումն այս անգամ իրատեսական է
Մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիները կստանան իրենց 18-24 ամիսների պարտք–աշխատավարձերը. համենայնդեպս հույս ունեն։ Այսօր նրանք կրկին կառավարության շենքի առջեւ էին։ «Հուլիսի 15-ը մոտենում է, մնացել է մի քանի օր, բայց մինչեւ հիմա ոչ մի քայլ չեն արել, դրա համար մարդկանց մոտ մտավախություն կար, այդ մտավախությունը փարատելու համար ես հուլիսի 7-ին հանդիպեցի նախարարի հետ, ով եւս մեկ անգամ հավաստիացրել է, որ մինչեւ ամսի 15-ը պարտքերը փակվելու են»,–ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը։ Նաիրիտցիները հույս ունեն, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոստումն այս անգամ իրատեսական է. «Ես ուզում եմ շատ հավատամ, բայց նաեւ ասում եմ՝բա ո՞ր, բայց հույս ունեմ, որ այս անգամ ամբողջությամբ կստանանք»,–ասաց «Նաիրիտ»–ի աշխատակից Մանուկյան Անահիտը։ Այն հարցին, թե ինչ են անելու նաիրիտցիները, եթե պարտքի մարումն ամբողջությամբ չլինի, Հրաչ Թադեւոսյանն ասաց, որ կշարունակեն հավաքվել իրենց սիրելի կառավարության շենքի դիմաց. «Երեխեքով հարեւանով բարեկամով հավաքվելու ենք հուլիսի 16-ին»։