Սերժ Սարգսյանի հայտարարությունից դեռեւս գլուխ չեն հանում
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, մեկնաբանելով իր քիչ առաջ արտահայտած միտքը, թե Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ նշված աուդիտի անցկացումը էներգետիկ համակարգում՝ ինքնին նշանակում է սակագնի բարձրացման մասին որոշման կասեցում, ասաց, որ դա ըստ իր տրամաբանության է, սակայն չունի որեւէ հիմնավորում եւ կնախընտրի սպասել իշխանությունների մեկնաբանություններին, մանավանդ, որ անձամբ չի կարդացել Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Բաղրամյան պողոտայում գտնվող մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս խուսափեցին որեւիցե գնահատական տալ՝ պատճառաբանելով, որ սպասում են իշխանությունների պարզաբանումներին, հատկապես որ շրջանառվող լուրերը հակասող են: Իսկ ՀՀԿ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես հստակ պատասխան չտվեց, թե արդյոք աուդիտի անցկացում նշանակում է որոշման կասեցում կամ չեղարկում, թե ոչ: Նա ասաց, որ ինքը չէ այն պաշտոնյան, որ պետք է պատասխանի այդ հարցին: