ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ուշ երեկոյան Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի է ունեցել 2006/2007 թվականների մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունների նախնական փուլերի մրցավայրերի ընտրության քննարկումը:
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, որ 10-րդ խմբում ընդգրկված է Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ, խմբային մրցաշարը կանցկացնի սեփական հարկի տակ: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ սա 2-րդ դեպքն է, երբ ընտրական փուլի մրցաշարը կայանալու է Հայաստանում:
ՀՖՖ-ի պատվիրակությանը հաջողվել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին համոզիչ փաստարկներով ապացուցել ՀՖՖ-ի եւ Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների պատրաստվածությունը` հանդես գալու որպես մրցաշարի կազմակերպիչ, որի արդյունքում էլ որոշում է կայացվել 2006/07 թվականների մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի հավաքականներին հյուրընկալել Հայաստանում:
Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 30-ին, երկրորդը` հոկտեմբերի 2-ին, երրորդը` հոկտեմբերի 5-ին:
Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը 7-րդ խմբում ընդգրկված է Հունգարիայի, Կիպրոսի եւ Ադրբեջանի հավաքականների հետ, խմբային մրցաշարը կանցկացնի Կիպրոսում, հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 27-ին, երկրորդը` հոկտեմբերի 29-ին, երրորդը` նոյեմբերի 1-ին: