Գագիկ Բեգլարյանը Բաղրամյան պողոտային հետեւում է ուղիղ եթերով (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ցուցարարների պահանջից օգտվելով՝ բավական շատ մարդիկ իրենց հեղինակությունն են վերականգնում եւ փորձում են երիտասարդների այս գործողությունների ֆոնին երեւալ: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ինքն անձամբ չի գնա պողոտա, թեև ուշ գիշերից մինչեւ առավոտ հետեւում է այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին. «Ես էդ կարգի ներկայանալու կարիք չունեմ»: Պարոն Բեգլարյանը պատրաստ է վճարել բարձրացված սակագինը, քանի որ, նրա իսկ խոսքերով, այդ որոշումն օդից չի վերցվել ու ընդունվել` մասնագիտական մոտեցումներ կան. «Եթե որոշումը կայացվել է, իհարկե, պատրաստ եմ վճարել: Եթե դուք լսեք մասնագիտական կարծիքները, ապա հավատացած կլինեք, որ այդ որոշման տակ տրամաբանություն կա ու ռեալ մոտեցում է: Դա նաեւ պետք է ներկայացվի ցուցարարներին: Թող լինի գեղեցիկ, լավ դիսկուսիաներ, ժողովուրդը լսի, ինքը կկողմնորոշվի` երիտասարդնե՞րն են ճիշտ, թե պետությունը»: