«Այծի պանիրը Շանելին հավասար բրենդ չդարձավ» (տեսանյութ)
Կառավարության ներկայացրած «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» նախագծի շրջանակներում՝ ներդրողներին արտոնություններ տալը կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների. համոզված է ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նա հիշեցնում է նախորդ տարիների դառը փորձը. «Այդպիսի հնարավոր իլյուզիաներ մենք շատ ենք ունեցել, օրինակ՝ Գյումրին դարձնել մշակութային կենտրոն, Ջերմուկը դարձնել չգիտեմ ինչ, ուզում եմ հիշեցնել նախորդ վարչապետի իդեան՝ այծի պանիրը դարձնել Շանելին հավասար բրենդ, որը այդպես էլ չդարձավ։ Արմավիայից «քցված» օդաչուների աշխատավարձերը տալու համար կառավարության ներկայացուցիչը ասաց, որ տարածք են տրամադրել, որ ինչ-որ մեկը բարի կամք դրսեւորի, գա էստեղ, ներդրում անի, դրանով էլ փակենք օդաչուների աշխատավարձը, ցավոք սրտի ներդրում անող չկա»։ Տիկին Զոհրաբյանը անհանգստանում է՝ բա որ այդ ներդրողներին էլ բիզնես արտոնություններ տանք ու չանեն. «Հիմա բա որ էս պրոեկտն է՞լ արժանանա Տիգրան Սարգսյանի այծի պանիրը համաշխարհային բրեդ սարքելու տեսլականին»։ ԲՀԿ նախագահը հարց է ուղղում ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ո՞ւմ են պատասխանատու լինելու այս ներդրողները, ի՞նչ տարածքներ են օգտագործելու. «Տպավորությունա, որ մենք անընդհատ բրենդային ծրագրեր ենք առաջ քաշում, որ Հայաստանը դառնա բրենդային երկիր եւ արդյունքում անընդհատ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ, որովհետեւ ոչ այծի պանիրը դարձավ «Շանել», ոչ Գյումրին մշակութային քաղաք, ոչ էլ Ջերմուկը՝ չգիտեմ ինչ, եւ որտե՞ղ է երաշխիքը, որ ներդրողներն իրար հերթ չտալով, իրար տրորելով կվազեն Դիլիջան»։ Փոխնախարարը չհամաձայնեց պատգամավորի նկատառումների հետ՝ Ջերմուկում օրինակ շատ բարձրակարգ հյուրանոց ունեցանք, բրենդային հյուրանոցային համալիր, որը Տերտերյանի կարծիքով լավագույն ցուցանիշն է Ջերմուկի առաջընթացի. «Ինչ վերաբերում է այս ծրագրին ու Դիլիջանին, այն, ինչ ծրագրով պետք է լիներ՝ մասամբ իրականացվել է։ Դիլիջանի դպրոցը ու դրա հարակից համալիրը ձեր հարցի լավագույն պատասխանն է»։ Գյումրիի հարցում Վաչե Տերտերյանը հորդորեց պեսիմիստ չլինել. «Պետքա օպտիմիստ լինել, եթե ինչ-որ բան չի հաջողվել, ապա մենք, ձեր օգնությամբ, պետք է շարունակենք առաջընթացը Գյումրիում»։ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ինքը օպտիմիստ է, բայց դա չի օգնում մարդկանց օպտիմիստ լինել ու չարտագաղթել. «Մարդիկ վաղվա համար հույս չունեն, բայց փոխարենը մենք ունենք տաղանդ ցանկացած նախագիծ աղավաղել եւ 180 աստիճանով փոխել, որ ի չարս գործի։ Մենք կարծում ենք, որ օրենքի դրույթներում պետք է լինի հաշվետվողականությունը, այսինքն՝ մեր տված արտոնությունների դիմաց, ներդրողները հաշվետու լինեն խորհրդարանին, թե ինչ է արվել ու ինչպես է արվել»։ Այնուամենայնիվ, ԲՀԿ նախագահի գնահատմամբ օրենքը դեռեւս սողանքի վտանգներ ունի։