Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի հատ օմբուդսմեն ունեինք, մի հրաշալի անձնավորություն». Է. Մարուքյանը բարկացել է (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսվեց «Քաղաքացիական օրենսգրքում» ու հարակից այլ օրենքներում նախատեսվող փոփոխությունների փաթեթի քննարկումը: Փաթեթում ներառված է նաեւ «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքը, որն էլ հիմնական բանավեճի առիթ դարձավ: Փոփոխություններով առաջարկվում են սահմանել արբիտրաժային տրիբունալի կողմից հայցի ապահովման միջոցներ սահմանելու պայմանները, կիրառվելիք «նախնական կարգադրություների» ինստիտուտը, ինչպես նաեւ՝ առաջարկվում են հստակեցնել արբիտրի նկատմամբ սահմանվող նվազագույն պահանջները: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես եկավ խիստ քննադատական ելույթով: Նա ընդգծեց, որ խայտառակ չափերի են հասնում տուգանքների չափերն ու մարդկանց թիվը, հենց օրինակ՝ ավտոտրանսպորտային խախտումների հետեւանքով: Ըստ նրա՝ մարդու նկատմամբ մոտեցումը պետք է փոխվի. «Սա խայտառակության խայտառակությունն է, չափ ու սահմանն անցել ենք: Տարեկան կազմվում է երկու միլիոն վարչական ակտ, ասենք, միայն այն բանի համար, որ մեկը մի գիծ է տրորել, դրա համար պարտավոր է հինգ հազար դրամ տուգանել: Եվրոպական որեւէ երկրում նման երեւույթի չեմ հանդիպել: Որքան սոցիալական վիճակը գնում է ներքեւ, այդքան ծայրահեղ է դառնում տուգանքների ծավալը: Ժողովուրդ, սա չի կարող լինել լեգիտիմ նպատակ ու ըստ այդմ տուգանել. դուք բոլոր գողերին ու մարդասպաններին չեք բռնել, ուր մնաց բոլոր գիծ տրորողներին բռնեք»: Պարոն Մարուքյանը հիշեց օմբուդսմենի մի դիմումի մասին, որը պետք է քննվեր ՍԴ-ում. «Էն մի հատ օմբուդսմեն ունեինք է, ՍԴ էր դիմել: Սպասեցինք, սպասեցինք՝ ինչ է լինում, մեկ էլ իմացանք ինչ՝ մի հրաշալի անձնավորություն. էն որ ասում են՝ արդեն շատ քիչ է մնացել, որ գործը քննվի, օմբուդսմենը գործը հետ է վերցնում, ասում՝ գիտեք ինչ, խորհրդարանում քննարկվում է այս հարցը, շահարկում են իմ դիմումը, դրա համար հետ եմ վերցնում: Երկրում ապրում է երկուս ու կես միլիոն մարդ, որից երկու միլիոնին տուգանում են: Խնդրում եմ՝ մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջան, եկեք մի բան անենք, որ հնարավոր է՝ կառավարության տեսակետի հետ չհամընկնի: Մինչդեռ այս ընթացքում մարդիկ պետք է գնան ամառային արձակուրդ ու հանկարծ պարզելու են, որ տուգանքների պատճառով իրենց բանկային հաշիվների վրա կալանք է դրված ու չեն կարողանալու օգտվել բանկային քարտերից: Ես համապատասխան նախագիծ կպատրաստեմ ու կմոտենամ յուրաքանչյուրիդ, որ ստորագրեք»: