Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԾԿՀ-ն պատասխանատվություն չի՞ կրում ՀԷՑ-ի պահվածքի համար

Քաղաքականություն
robert-nazaryan

ԱԺ-ում այսօր «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով անցկացվող խորհրդարանական լսումներին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցերին ի պատասխան, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կրկին անդրադարձավ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի բացակայությանը խորհրդարանական լսումներին. «Ես ինչ իմանամ՝ ինչու չի եկել. ինձ հրավիրել են,  թող գար ու իմ բարձրացրած հարցերին պատասխաներ»: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ մենք որպես պետություն ինչու պիտի պատասխան տանք մեր երկրում գործող արտասահմանյան ընկերության բացթողումների համար. «Մենք կարո՞ղ ենք կանխարգելիչ միջոցառում անել: Ըստ առքուվաճառքի պայմանագրի՝ մեր քաղաքացիները կարո՞ղ են պաշտպանված լինել նման ոտնձգություններից, քանի որ արտասահմանյան ընկերությունը գալով ՀՀ, այն դիտում են որպես խոպան հող ու ոնց ուզում վարում-ցանում են: Արդյոք հնարավո՞ր չէ վերանայել ՀԷՑ-ի պահվածքը, որ այդ բացթողումները ինքը կոմպենսացնի»: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կրկին հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի ժամանակ ճոխության ու բարեգործության ծախսերը ներառված չեն, իսկ պայմանագրում ոտնձգությունների մասին ոչինչ չկա նշված: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց Ռոբերտ Նազարյանից. «Դուք իսկապես հավատացա՞ծ եք, որ ձեր հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում ՀԷՑ-ի պարտքի համար: Դուք պետք է արգելեիք նրան բարեգործություն անել: Եթե դուք նման լիազորություն չունենք, ապա պետք է գոնե նամակ գրեիք, պաշտոնապես ահազանգեիք, որ պարտքեր եք կուտակում, պետք չէ բարեգործություն անել: Ինձ հետաքրքրում է նաեւ՝ ինչո՞ւ եք տարիներ շարունակ սահմանել 11.5 տոկոս կորուստների նորմատիվ: Միայն աշխատավարձի ֆոնդը կտրելով կարելի էր մի քանի դրամով էժանացնել էլեկտրաէներգիան: Ինչո՞ւ դուք չեք վերահսկում, եթե չվերահսկեք, ապա մենաշնորհն ինչ կուզի, կանի. նրանց ախորժակն էլ կմեծանա»: Ռոբերտ Նազարյանը ի պատասխան հայտարարեց, որ Լեւոն Զուրաբյանը ծանոթ չէ ՀԾԿՀ օրենքին, թե ինչ գործառույթ ունեն իրենք. «Եթե ծանոթ լինեիք օրենքին, ապա այդ հարցերը այդ ձեւակերպումներով չէիք տա: Մենք որեւէ պատասխանատվություն չենք կրում մեր գործառույթների շրջանակներից դուրս քայլերի համար: Մենք պատասխանատու ենք միայն նրա համար, ինչ օրենքով մեզ վերապահված է: Մենք այս ամբողջ ընթացքում փորձել ենք մեր քայլերն անել թափանցիկ ու բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին: Մեր պատասխանատվությունն այն է, որ ճոխությունների համար որեւէ լումա չարտացոլվի սակագնում: Եթե ընկերությունն  ունի շահույթ, ապա ՀՀ որեւէ պատկան մարմինն իրավունք ունի գա միջամտի ու տեսնի՝ ինչ է անում այդ շահույթի հաշվին»: